Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել գործարարի վրա և թալանել նրան, հաղորդում է «Рустави 2»-ը:
Տուժածը ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանն է: Գուրիայի մարզում նա մի քանի խանութ ունի:
Սուքիասյանի վրա հարձակում են գործել այսօր առավոտյան իր տան մուտքի մոտ: Դիմակավորված 2 տղամարդ բութ առարկայով հարվածել են նրա գլխին, ապա նրա մոտից 30 հազար լարի վերցրել (մոտ 11,7 հազար դոլար):
Գործարարը պատրաստվում էր մեկնել Թբիլիսիի Լիլո շուկա իր խանութի համար ապրանք գնելու նպատակով, հենց այդ պատճառով նրա մոտ խոշոր գումար է եղել:
Այժմ գործարարը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ենթադրյալ հանցագործները դեռևս ազատության մեջ են: