Եվրոպական ներդրումային բանկը հետաձգել է «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման համար նախատեսված 1,5 միլիարդ դոլարի հատկացման հարցը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանկն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ «ТАР» գազամուղի ծրագրին ուղղված բաղմաթիվ բողոքներ են ստացվել:
Գազամուղը պետք է ամեն տարի դեպի Եվրոպա 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ մատակարարի:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ «ТАР»-ը վարկի համար դիմել է Եվրոպական ներդրումային բանկին, և դեկտեմբերի 12-ին բանկի տնօրենի խորհուրդը գումարի հատկացման մասին որոշում է ընդունել: Սակայն բանկի պաշտոնական կայքում ասվում է, որ 2017թ. բանկը բազմաթիվ բողոքներ է ստացել այդ ծրագրի վերաբերյալ: Բողոքի նամակներում ասվում է, որ «ТАР»-ը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, իտալացի ֆերմերներին: Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ ցույցեր էին անցկացվել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մեկ այլ պատճառ կարող է լինել նաև ծրագրի շահութաբերությունը: Ադրբեջանը գազ է գնում Ռուսաստանից, ինչը հարցեր է առաջացնում սեփական ուժերով գազամուղի ապահովման հնարավորությունների մասին: