Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը զինվորականներին կոչ է արել պատրաստ լինել ցանկացած պահի հարված հասցնելուն այն դեպքում, եթե նա նման որոշում կայացնի: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով հյուսիսկորեական կենտրոնական լրատվական գործակալությանը: Բացի այդ, հաղորդվում է, որ Կիմ Չեն Ինը ծանոթացել է Գուամ կղզու ուղղությամբ հրթիռի արձակման հարցով բանակի ծրագրերի հետ: «ԱՄՆ-ն պետք է ճիշտ որոշում կայացնի և գործողությունների միջոցով ցուցադրի, որ ցանկանում է նվազեցնել Կորեական թերակղզում տիրող լարվածությունն ու կանխի վտանգավոր ռազմական բախումը» , - գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ինի խոսքը:
ԿԺԴՀ-ն՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցներին, չի դադարեցնում հրթիռային փորձարկումներն՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ագրեսիայից պաշտպանվելու պատրվակի ներքո:
Անցած շաբաթ Փհենյանն ու Վաշինգթոնը փոխադարձ սպառնալիքներով փոխանակվեցին: ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնեց հյուսիսկորեացի զինվորականների կողմից Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ հարված հասցնելու մտադրության մասին: