Սաակաշվիլին սպառնացել է պաշտոնանկ անել Ուկրաինայի նախագահին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ում Ուկրաինայի իշխանությունները զրկել են քաղաքացիությունից, համոզմունք է հայտնել, որ Կիև վերադառնալու դեպքում, նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնանկ կարվի: Ինչպես նշում է РИА Новости-ն, Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն այժմ ԱՄՆ-ում է, բայց մտադիր է ուրբաթ Ուկրաինա վերադառնալ: Քաղաքական գործչի փաստաբանը, սակայն, հայտնել է, որ տեղեկություն չունի Սաակաշվիլիի գտնվելու վայրի վերաբերյալ: Հայտնի է, որ Պորոշենկոյի վարչակազմը նրան զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ անձնական քարտը լրացնելու ժամանակ Սաակաշվիլին կեղծ տվյալներ է ներկայացրել ու թաքցրել Վրաստանում քննության տակ լինելու փաստը: Սաակաշվիլիի համոզմամբ՝ Պորոշենկոն վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ գաղտնի հանդիպում է ունեցել նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ, որի ընթացքում էլ ծրագրվել է իր դեմ «դավադրությունը»: Բացի այդ, Սաակաշվիլին ասել է, որ Պորոշենկոն իրենից պրծում չունի: «Ընդհակառակը, նրա գործողությունը համախմբեց ամբողջ ուկրաինական ընդդիմությանը: Նորագույն պատմության մեջ շատ են օրինակները, երբ առաջնորդն ուզում է երկրից վտարել իր գլխավոր ընդդիմախոսին, վերջինը վերադառնում է ու պաշտոնանկ անում այդ ղեկավարին: Նույնը տեղի է ունենալու Ուկրաինայում: Իմ գալուն զուգահեռ Պորոշենկոն պաշտոնանկ է արվելու, մենք կվերադառնանք Ուկրաինա բոլորովին նոր պաշտոններ զբաղեցնելու»,- եզրափակել է Սաակաշվիլին: |