ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Տեղեկացնենք, որ նրանք քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի ունեցած տեսակետների մասին հարցին` ասել է, որ բոլոր կուսակցությունները միասնական են այն հարցի շուրջ, որ ստեղծված իրավիճակում, ընդհանրապես, անիմաստ է խոսել փոխզիջումների մասին, որովհետև Ադրբեջանը այս հարցում որևէ տրամադրություն չունի:
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը. «Այս հանդիպումից հետո ելույթ ունեցա և ասացի, որ եթե Արցախի և ՀՀ գործող նախագահներն, օգտվելով Սահմանադրության փոփոխությունից, առաջադրվելու են, ուրեմն այս քննարկումը «հիվանդ քեռակին, կուպեցի տղա» ժանրից է... Հաստատ տեղացի ընկերներս նեղացան ինձանից, բայց չասեի, ինքս ինձ չէի հարգի...»,- գրել է Սարգսյանը:
Նշենք, որ վերջին օրերին սահմանին իրավիճակը լարված է: Հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):