«Ստեղծագործողն իր աշխատասենյակում ստեղծագործում է և ամեն ինչի մեջ կարելի է տեսնել ևʹ լավը, ևʹ վատը: Ես ինքս լավատես եմ: Ուղղակի պետք է ցանկություն և կամք: Երբ կա ցանկություն և կամք, յուրաքանչյուր հարց լուծվում է: Եթե կամք կա, դու կարող ես փոխել քո ճակատագիրը»,- համոզված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:
Արամ Սաթյանը սկանդալներ չի սիրում, լավատես է, շատ հարցերի շուրջ նախընտրում է լռել, իսկ արվեստը չի սիրում քաղաքականացնել: «Ես առաջին հերթին ստեղծագործող եմ»,- նշում է նա:
Արամ Սաթյանը 2013-ից ղեկավարում է Կոմպոզիտորների միությունն ու չի ժխտում, որ խնդիրները շատ են, այդ թվում և ֆինանսական: Սակայն, մշտական բողոքներն ըստ ստեղծագործողի` որևէ հարց չեն լուծում:
Արամ Սաթյանը գրել է սիմֆոնիկ և կամերային բազմաթիվ ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ․ «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011-ին` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: