Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ-ն ապրիլյան դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել` կոչ անելով վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը

14:50, ուրբաթ, 31 մարտի, 2017 թ.
ԵԱՀԿ-ն ապրիլյան դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել` կոչ անելով վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն այսօր միացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ուղղված՝ քաղաքական կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցությունը վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, ինչի մասին ասված էր մարտի 29-ի նրանց հայտարարությունում: Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ-ի կայքը:

Նա նշել է, որ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներն ու բռնությունը, որոնք ամենասոսկալին են եղել վերջին երկու տասնամյակի ընթացքում, ավերածությունների, տանջանքների և մարդկային կորուստների պատճառ են դարձել:

«Դա վառ հիշեցում էր այն մասին, թե որքան արագ պատերազմի մեխանիզմը կարող է հարված հասցնել խաղաղության համար գործադրվող ջանքերին: Այս կապակցությամբ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը վտանգի տակ է դնում հրադադարի ռեժիմը: Կողմերը պետք է կատարեն իրենց հանձնառությունները միջազգային մարդասիրական պարտավորությունները խստորեն պահպանելու հարցում. ռազմական հանցագործությունները երբեք չեն կարող արդարացվել»,- ասել է Կուրցը:

Վերհիշելով շփման գծում 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բախումները՝ ԵԱՀԿ գործող նախագահը բանակցային գործընթացին նոր խթան հաղորդելու հույս է հայտնել:

«Շփման գծում բախումները և հրադադարի լուրջ խախտումները, որոնք զոհերի պատճառ են դառնում, անցած մեկ տարվա ընթացքում առանձնակի մտահոգության տեղիք են տվել մեզ: Այժմ ժամանակն է կենտրոնանալ վստահության ստեղծման ուղղությամբ պրագմատիկ և պրակտիկ քայլերի, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսման վրա»,- ընդգծել է Կուրցը:

Այս համատեքստում նա իր ափսոսանքն է հայտնել «2016 թվականի ողբերգական դեպքերից հետո զոհերի վերաբերյալ» և ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտերի հետցնցումն է՛լ ավելի է բարդացրել ադրբեջանցիների և հայերի համար խաղաղությանը հավատալը, բայց ինչպես ես նշել եմ բազմաթիվ առիթներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք այսօր պետք է կազմենք խաղաղության ծրագիր և թույլ չտանք պատերազմի վերադարձն իր բոլոր սարսափելի հետևանքներով»,- հավելել է Կուրցը:

Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և նրա թիմի աշխատանքը, որի վկայությունն է 2017 թվականի փետրվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործողությանն ակտիվ աջակցությունը մահացած զինծառայողների մարմինների վերադարձի գործում:

«ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է աջակցել 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հետագա խթանման ուղղությամբ կողմերի ջանքերին», - եզրափակել է Ավստրիայի արտգործնախարարը:

10376 | 0
Facebook