Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան` աշխարհի ամենաերջանիկ երկիր, Հայաստանը վերջին 10-յակներում է` զիջելով անգամ Ադրբեջանին. այսօր Երջանկության միջազգային օրն է

13:30, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Նորվեգիան` աշխարհի ամենաերջանիկ երկիր, Հայաստանը վերջին 10-յակներում է` զիջելով անգամ Ադրբեջանին. այսօր Երջանկության միջազգային օրն է

Այսօր՝ մարտի 20-ին, նշվում է Երջանկության միջազգային օրը: Օրը սահմանվել է 2012թ. հունիսին՝ ՄԱԿ-ի կողմից:

Մարտի 20-ը պատահական չի ընտրվել. դա գարնանային գիշերահավասարի օրն է, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհում այս օրը գիշերն ու ցերեկն իրար հավասար են: Ըստ ՄԱԿ-ի՝ դա խորհրդանշում է այն, որ մոլորակի բոլոր բնակիչները երջանիկ լինելու հավասար իրավունքներ ունեն:
     Sustainble Development Solutions Network (SDSN` Կայուն զարգացման հարցերով լուծումների որոնման ցանց) կազմակերպությունը հաշվետվություն է կազմել ՄԱԿ-ի պատվերով, համաձայն որի` աշխարհի ամենաերջանիկ բնակչություն ունեցող երկիրը Նորվեգիան է: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
     Երջանկության մակարդակով 2-րդ շարքում Դանիան է, նրան հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան: Երջանկության ցուցանիշով Իսրայելը 11-րդն է, ԱՄՆ-ը` 14-րդը, Գերմանիան 16-րդը, Մեծ Բրիտանիան` 19-րդը, Ֆրանսիան 31-րդը: Երջանիկ երկրների վարկանիշը եզրափակում են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին, իսկ վերջին հորիզոնականն զբաղեցնում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը:

Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է վերջին 10-յակները: Մեր երկիրը երջանկության ցուցանիշով 121-րդն է: Հարևան երկրներից Թուրքիան 69-րդն է, Ադրբեջանն 95-րդը, Իրանը` 108-րդը, Վրաստանը` 125-րդը:

Հետազոտությունն անց է կացվել 155 երկրում: Երջանիկ երկրների վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել 6 գործոն` մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն, կյանքի սպասելի տևողությունը, վստահությունը կառավարության հանդեպ, դժվար իրավիճակներում սոցիալական աջակցությունը, սեփական կյանքին վերաբերող որոշումներում մարդու ազատության ընկալումը և առատաձեռնությունը:

8002 | 6
Facebook