Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի Ֆինանսների նախարարը պայթուցիկով լի ծանրոց է ստացել

11:25, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
Գերմանիայի Ֆինանսների նախարարը պայթուցիկով լի ծանրոց է ստացել

Գերմանիայի Ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն փոստով փաթեթ է ստացել` պայթուցիկ նյութով լցված: Ծանրոցն ուղարկված է եղել Հունաստանից` ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն կուսակցության» ղեկավար Ադոնիս Գեորգիադիսի անունից: Այս մասին գրել է Proto Tema պարբերականը, հայտնում է РИА Новости-ն:
     Ռումբով լի ծանրոցը Ֆինանսների նախարարության շենք է բերվել երեկ, ինչից անմիջապես հետո աշխատակիցները տարհանվել են, իսկ պայթուցիկը տեղափոխվել է անվտանգ վայր:
     Նշվում է, որ ծանրոցի վրա դրված է եղել հունական փոստի կնիքը, իսկ որպես ուղարկող նշված է եղել Ադոնիս Գեորգիադիսի գրասենյակի հասցեն: Հույն քաղաքական գործիչը հաստատել է այդ տեղեկատվությունը: «Ցավոք, դա ճիշտ է, ու դա ամենևին էլ զավեշտալի չէ»,- ասել է Գեորգիադիսը` նշելով, որ ինքն էլ է գտնվում ահաբեկիչների թիրախում:
     Հաղորդվում է, որ երեկ անհայտ անձինք պայթյուն են իրականացրել Գեորգիադիսին պատկանող գրախանութի մոտ:
     Նշվում է, որ 2010թ. նոյեմբերին Հունաստանում գործող «Կրակե բջիջների դավադրություն» ահաբեկչական-անարխիստական կազմակերպությունը պայթուցիկով լի ծրարներ էր ուղարկել Հունաստանում գտնվող դեսպանատներ, նաև արտասահմանյան առաջնորդների, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
     Հարկ է նշել նաև, որ 1990թ., երբ Գերմանիայի Ֆինանսների ներկայիս նախարար Վոլֆգանգ Շոյբլեն զբաղեցնելիս է եղել երկրի Ներքին գործերի նախարարի պաշտոնը, նրա վրա հարձակում է տեղի ունեցել: Արդյունքում քաղաքական գործիչը լուրջ վնասվածքներ է ստացել և հաշմանդամ դարձել ու այժմ շարջվում է հենասայլակի օգնությամբ:

7642 | 0
Facebook