«Թուրքիան չի հրաժարվի հայ-թուրքական սահմանը բացելու իր դրած նախապայմանից և երբևէ չի ստորադասի Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ ԵԱՏՄ-ին միանալուն». կարծիքներ
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու՝ Թուրքիայի մտադրության մասին: Թուրք նախարարն ասել է, որ Անկարան ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, ընդ որում՝ չխախտելով ԵՄ-ի հետ համաձայնագրը: Այս հայտարարությունը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում: |
«Հայկական ժամանակ» օրաթերթ
Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաև ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանն այդ գործընթացից: Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանևրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար: Կան նաև կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, և հարցը կլուծվի` այդպես էլ որևէ դիվիդենտ մեր երկրին չբերելով: |
Սուրեն Սարգսյան, քաղաքագետ
Եթե Թուրքիան անկեղծ չէ, իսկ ես կարծում եմ նրա ցանկությունը տրամաբանական է, ապա ծագում են 6 կարևոր հանգամանքներ, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի: 1. Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցը և այս ֆոնին թուրքերի հայտարարությունը պատահական չեմ համարում։ 2. Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ։ 3. ԵԱՏՄ-ում նոր անդամ ընդունելու համար պետք է լինի կոնսենսուս, այսինքն այստեղ Սերժ Սարգսյանից բան ունեն խնդրելու այն պետությունները, որոնք տարիներ առաջ կանխատեսում էին այս օրն ու հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շատ հավանական է և Հայաստանի անդամակցությանը դրան խանգարելու է։ 4. ԵԱՏՄ-ում փակ սահմաններ լինել չեկ կարող և հայ-թուրքական սահմանը բացառություն չէ։ Ավելին, որևէ սահմանափակումներ հայկական ապրանքների, բեռների կամ աշխատուժի մասով չեն կարող լինել։ 5. ԵԱՏՄ-ի հետ ինտեգրվելու հետևանքով Թուրքիան Ադրբեջանին ավելի հեշտ կհիմնավորի սահմանի բացման անհրաժեշտությունը, քան «ֆուտաբոլային» դիվանագիտության դեպքում։ 6. Թուրքիային անպայման հետևելու է Ադրբեջանը, ինչը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում օրերի հարց է։ Եվ վերջապես, հնարավոր է, որ Թուրքիան բլեֆ է անում ԵՄ-ից ավելի շատ բան պոկելու ակնկալիքով։ Սա հնարավոր է, բայց միայն այն դեպքում, երբ ԵՄ-ում բոլորը խոտ են ուտում և չեն հասկանում, որ այս արժեհամակարգով և իրավակարգով Թուրքիան ԵՄ անդամ չի կարող դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ Աթաթուրքը էն աշխարհում է։ Մեկ էլ, ասեք հասկանամ, էլ ի՞նչ ունի Թուրքիան ԵՄ-ից պոկելու, որ դեռ չի պոկել։ |
Շավարշ Քոչարյան, ԱԳ փոխնախարար
Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև: |
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ
Թուրքիայի պարագայում ամեն բան տեխնիկապես և ոչ տեխնիկապես հնարավոր է: Դա այն երկիրն է, որ միշտ ելել է միայն ու միայն սեփական շահերից և որի համար որևէ պայմանագիր երբեք որևէ նշանակություն չի ունեցել: Եթե Անկարայում այսօր հարմար են գտնում միանալ մաքսային պայմանագրին, ուրեմն կմիանան: Վաղն անհրաժեշտ կլինի դուրս գալ` անմիջապես դուրս կգան: |
Մանե Թանդիլյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր
Միամտություն է կարծել, թե Թուրքիան էկոնոմիկայի նախարարի շուրթերով հնչեցրած այս հայտարարության մեջ լուրջ մտայնությունների մասին է խոսել: Ես չեմ բացառում, որ այս հայտարարությունը հնչել է նաև քարոզչական նպատակներով ներքին լսարանի համար, հաշվի առնելով այն ձախողումը, որ Թուրքիան արձանագրում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մեջ: |