Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համաշխարհային մասշտաբով եզակի գանձեր են հայտնաբերվել Սյունիքում՝ շնորհիվ «գանձագողի»

20:35, երեքշաբթի, 12 ապրիլի, 2016 թ.
Համաշխարհային մասշտաբով եզակի գանձեր են հայտնաբերվել Սյունիքում՝ շնորհիվ «գանձագողի»

Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում մետաղորսիչով գանձեր որոնող գյուղացին հայտնաբերել է եզակի արժեք ունեցող արտեֆակտներ ուրարտական ժամանակաշրջանից: Այդ գանձերը թվագրվում են Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերով: Դրանք Կապանի թանգարանից արդեն տեղափոխվել են Երևան, առաջիկայում կիրականացվեն մաքրման, վերականգնման աշխատանքներ, իսկ թանգարանային տեսքի բերվելուց հետո կցուցադրվեն պատմության թանգարանում:

Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Զարմանալի հայտնագործություն է կատարվել: Առ այսօր ողջ ուրարտական կայսրության տարածքում մենք դեռևս չունեինք այդպիսի գանձեր, մետաղե այդպիսի բազմազան առարկաների հավաքածու»: Նա նշել է, որ մոտ 200 օրինակ գտածո է հայտնաբերել գանձագողը, որոնք փորձել է վաճառել, ինչի արդյուքնում էլ բռնվել է:

Գանձերը հիմնականում բրոնզից են, միայն մի քանիսն են երկաթից: Հակոբ Սիմոնյանն ասել է, որ այս պահին պեղումներ են կատարում Կարմիր Բլուրի դամբարանադաշտում, և այնտեղից հայտնաբերված շատ նմուշներ գրեթե կրկնօրինակն են Սիսիանում գտնված իրերի, որոշ գտածոներ էլ առհասարակ եզակի են, ինչպես զինվորիկի արձանիկը: «Մինչ այժմ մեր մշակույթում այսպիսի երևույթ հայտնի չէր: Դաշույնով զինվոր է՝ փոքրիկ վահանով ձախ ձեռքին, աջ ձեռքին դաշույն է, արծավաքիթ, շատ կամային բնավորությամբ զինվորիկի քանդակ է»,- նշել է Հակոբ Սիմոնյանը:

Նա նաև շեշտել է, որ այժմ երկակի իրավիճակ է առաջ եկել: Մի կողմից գարձագողը պետք է պատժվի օրենքին համապատասխան, մյուս կողմից էլ՝ արժանանա խրախուսանքի, որովհետև եթե նա չլիներ, կանցնեին էլի հարյուրամյակներ, իսկ գանձերը կմնային հողի տակ թախված: Տարածքը, որտեղ նա հայտնաբերել է գանձերը, սովորական մարգագետին է, առանց վերգետնյա ինչ-որ հուշարձանների ու շինությունների հետքերի: «Գանձագող ասելը մի քիչ տարօրինակ է, որովհետև գանձագողերը սովորաբար այլ նատուրա են ունենում, նա մի քիչ տարօրինակ անձնավորություն է: Մեզ տարավ, ցույց տվեց 3 դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չէին: Եվ միայն մի դամբարանում բրոնզե 30 իր հայտնաբերեցինք, ընդ որում՝ մի փոքրիկ հատվածից միայն»,- ասում է Հակոբ Սիմոնյանը:

Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվել է, գանձագողը ստորագրությամբ բաց է թողնվել: Հակոբ Սիմոնյանն ասել է, որ եթե Եղվարդի տարածքում արշավախումբ աշխատի, ինչը շատ թանկ հաճույք է, իրենց հսկողությամբ նաև գանձ փնտրողին են ներգրավելու:

9944 | 1
Facebook