Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրասիա միջազգային համալսարանն ամփոփում է 2015-ն ու ներկայացնում ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերը

12:31, երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2015 թ.
Եվրասիա միջազգային համալսարանն ամփոփում է 2015-ն ու ներկայացնում ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերը

Եվրասիա միջազգային համալսարանը բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է ուսուցում կրթական երեք մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Համալսարանում գործում է և՛ վճարովի, և՛ անվճար համակարգ՝ մշակված որոշակի արտոնյալ պայմաններով. բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն արժանանում են կրթաթոշակի, որի շրջանակներում կիրառվում է 10-100% ուսման վարձի զեղչ:

Համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թվականի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր. համալսարանին տրված է պետական նմուշի դիպլոմ շնորհելու լիազորություն: 2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից՝ ՀՀ ԿԳՆ նոր պահանջներին համապատասխան:
Համալսարանն առանձնանում է ուսուցման և ուսումնառության համագործակցային մեթոդներով, ինչպես նաև՝ ուսանողների և աշխատակազմի փոխանակման միջազգային ծրագրերով:
     Եվրասիա միջազգային համալսարանը 2010 թվականից մասնակցում է Եվրոմիության կողմից հովանավորվող Էրազմուս Մունդուս, իսկ այժմ արդեն «Էրազմուս +» ծրագրին, որի միջոցով իրականացվում են միջազգային փոխանակման ենթածրագրեր եվրոպական բուհերի հետ: Ծրագրի շրջանակներում ավելի քան 30 ուսանող ուսումնառությունը շարունակել է եվրոպական լավագույն բուհերում՝ ստանալով բարձր կրթաթոշակ: Համալսարանը շարունակում է ապահովել ուսանողների և դասախոսների փոխանակման հնարավորություններն՝ իրականացնելով ծրագրեր հետևյալ բուհերի հետ. Վարշավայի բնական գիտությունների համալսարան, Վարշավայի տնտեսագիտության համալսարան, Չեխիայի Մասարիկ համալսարան, Թուրքիայի Մերձավոր արևելքի համալսարան, Վիլնիուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան և Վիլնյուսի պետական համալսարան: Նշենք, որ Վիլնյուսի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում անսահմանափակ թվով ուսանողներ և դասախոսներ կարող են ուսանել Եվրոպայում՝ ստանալով անվճար կեցություն, ինչպես նաև կրթաթոշակ: Այս համալսարանի հետ փոխանակման ծախսերը հոգում են ընդունող և ուղարկող բուհերը, մինչդեռ վերոհիշյալ մյուս բուհերի հետ համագործակցությունը և փոխանակումները հովանավորվում են ԵՄ կողմից:
     Փոխանակման ծրագրերի թվով Եվրասիա միջազգային համալսարանն «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում այս պահին, լինելով համեմատաբար փոքր բուհ, երկրում երրորդ տեղում է, զիջում է միայն Երևանի պետական համալսարանին և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին:
Բուհի ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում պատմում էր, որ դեռ 2012-2013 ուստարում ընդամենը երեք ուսանող է մեկնել Եվրոպա վերոհիշյալ փոխանակման ծրագրերով, այնուհետև գործընթացը մեծ թափ է առել ու ուսանողների ընդգրկվածությունն անհամեմատ մեծացել է: «Փոխանակման ծրագրերի աշխարհագրությունը շատ տարբեր է. Պորտուգալիա, Էստոնիա, Իտալիա, Իսպանիա, Հունաստան և այլն: Ուսանողների փոխանակման բոլոր ծախսերը, այդ թվում ճանապարհածախս, ապահովագրություն, ամսական կրթաթոշակ (750-ից մինչև 1500 եվրո) տրամադրվում է ԵՄ Էրամուս + կամ Էրազմուս Մունդուս ծրագրերի միջոցներից: ԵՄՀ առավելությունը նրանում է, որ փոխանակման ծրագրերի մասնակցելիս ուսնողները տարի չեն կորցնում: ԵՄՀ-ն ընդունող բուհի հետ նախապես կնքում է կրեդիտների փոխճանաչման պայմանագիր և ընդունում Եվրոպայում կուտակած կրեդիտները»:
Եվրասիա համալսարանի ռեկտորի խորհրդական և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց բուհի դասընթացների իրականացման ձևաչափերը. «ԵՄՀ-ն իրականացնում է առկա և հեռակա ուսուցում: Առկա և հեռակա ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով համալսարանում կիրառվում են ուսուցման խառը մեթոդներ՝ լսարանային հանդիպումների և էլեկտրոնային միջոցների զուգակցմամբ: Համալսարանի բոլոր ուսանողները և դասախոսներն ունեն մուտք ԵՄՀ վիրտուալ լսարան, որտեղ տեղադրված են բոլոր դասընթացների նյութերը, շնորհանդեսները, որը դասախոսը ցուցադրում է լսարանում, աուդիո և վիդեո հոլովակները և այլն: Արդյունքում, հեռակա համակարգում սովորող ուսանողը, տարվա մեջ մի քանի ամիս դասի գալով, հնարավորություն է ունենում առկա համակարգում սովորղ ուսանողին հավասար ստանալ նյութեր և չկտրվել ուսումնական գործընթացից: Ուսումնասիրությունները վկայում են, որ համակարգի ներդրման արդյունքում բարձրացել է ոչ միայն առկա, այլ նաև հեռակա համակարգում սովորող ուսանողների առաջադիմությունը: Բուհում բացառված են լսարանային լեկցիոն թելադրությունները: Նախապես բոլոր նյութերը վերբեռնվում են համակարգում դասախոսի կողմից: Դասախոսը լսարանային ժամերը տարբեր քննարկումների, բանավեճերի, թիմային և այլ հանձնարարությունների միջոցով օգտագործում է նյութի ամրապնդման համար, այլ ոչ տեղեկատվության մեխանիկական փոխանցման»,- նշեց նա:
     Եվրասիա միջազգային համալսարանում ակտիվ գործում է Կարիերայի և շրջանավարտների հետ կապի կենտրոնը, որը ակտիվ կապ է պահպանում գործատուների հետ և ուսումնասիրում առկա պահանջները:
«Ասում են մեծ բուհում ուսանողը թիվ է, փոքր բուհում մարդ է: Մենք յուրաքանչյուր ուսանողին ճանաչում ենք անհատապես, և յուրաքանչյուր ուսանողի համար պլանավորում ենք իրականացնում մինչև աշխատաշուկա: Մենք գիտենք մեր ուսանողի ուժեղ և թույլ կոմերն ու նպատակային աշխատանք է տարվում այդ բացերի լրացման ուղղությամբ: Համալսարանում դասավանդողներից շատերը գործատուներ են, ում մոտիվացիան իրենց պահանջներին համապատասխան կադրերի պատրաստումը և աշխատանքի տեղավորումն է»,- նշեց Արևիկ Օհանյանը:
Բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանը մեզ հետ զրույցում, ամփոփելով 2015 թվականն, ասաց, որ ավարտվող տարին իրենց համար շատ արգասաբեր է եղել: «Պետական հավատարմագրման գործընթացին մասնակցելու հայտ էինք ներկայացրել: Պետք է ասեմ, որ բավականին դժվար համակարգ է մշակված հավատարմագրման առումով: Եվրասիա միջազգային համալսարանի թիմն ամբողջությամբ լծվեց այդ աշխատանքներին, նոյեմբերի 3-ին ավարտվեց հավատարմագրման գործընթացը: Սա համալսարանի երկրորդ հավատարմագրումն է: 2000 թվականին նույնպես ԵՄՀ-ն հավատարմագրվել էր, սակայն այս նոր հավատարմագրման գործընթացը, որի հիմքում ընկած են եվրոպական կրթական պահանջներ և չափորոշիչներ, կառավարությունն ավելի հավաստի է համարում:
     Ավելի մեծ նվաճումներ ունենք միջազգայնացման առումով: Մեծ թվով ուսանողներ և դասախոսներ սովորել և վերապատրաստվել են Եվրոպայում, որին զուգահեռ բուհը ստեղծել է փոխանակման նոր հնարավորություններ:
Համալսարանի ձեռքբերումերից է նաև լսարանային պայմանների բարելավումը, գրադարանային ռեսուրսների հարստացումը և հարմարավետ պայմանների ապահովումը: Լսարանները հարստացվել են տեղեկատվական ժամանակակից միջոցներով»,- ասաց Ս. Օհանյանը:
Համալսարանն ունի նաև համագործակից ընկերություններ, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում կարիքավոր և ուսումնառության բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Առավել մեծ թվով ուսանողների հովանավորում են Թրփանջյան հիմնադրամը ,Վիվասել ՄՏՍ-ը, Ադուրյան հիմնադրամը: Լավագույն ուսանողներին համալսարանը հովանավորում է սեփական միջոցներից՝ Օհանյան կրթաթոշակի շրջանակներում:

13168 | 0
Facebook