Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տիգրան Սարգսյանն անցնում է հակագրոհի. «Ժամանակ»

09:58, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Տիգրան Սարգսյանն անցնում է հակագրոհի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Տիգրան Սարգսյանի շուրջ հասունացած օֆշորային սկանդալը կարծես թե կարող է նոր թափով բռնկվել: Համենայնդեպս, այս մասին է վկայում այն, որ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Փայլակ Հայրապետյանի դեմ, որը հենց օֆշորային սկանդալի գործում ներկայանում էր որպես տուժող և մեղադրել է Տիգրան Սարգսյանին իրեն սնանկացնելու մեջ: Փայլակ Հայրապետյանը մամուլում հայտարարել է, որ Սարգսյանի հաշվին է նստել 7 միլիոն 500 հազար դոլար, ինչի դիմաց էլ Սարգսյանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել զրպարտության համար:
     Թե ինչ զարգացում կունենա օֆշորային սկանդալն այս դրվագով՝ կիմանանք առաջիկայում, սակայն փաստն ինքնին, ըստ էության, նշանակում է, որ Տիգրան Սարգսյանն անցնում է հակագրոհի:
     Օֆշորային այդ սկանդալը ծավալվեց ավելի քան մեկ տարի առաջ և մեծ հարված էր Սարգսյանի վարչապետական դիրքերին, որքան էլ Տիգրան Սարգսյանը փորձեց հերքել իր մասնակցությունը: Ըստ էության, մասնակցության հերքման առումով համոզիչ փաստարկներ հասարակությունը չստացավ էլ՝ բացառությամբ պնդումների, որ օֆշորում կարելի է ցանկացածի անունով հաշիվ բացել և այլն:
     Սակայն խնդիրն այն է, որ Սարգսյանը որոշ ժամանակ անց անցավ ընդհանրապես չպատասխանելու մարտավարության, և գործն, այսպես ասած, ննջեց, ինչին, իհարկե, նպաստեց նաև Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը:
     Թե այստեղ ինչ դերակատարում է ունեցել գործը՝ կդժվարանանք ասել, սակայն սկանդալը, իհարկե, լիուլի նրա դեմ օգտագործում էր Սարգսյանի հիմնական քննադատ, ընդդիմախոս ոչ իշխանական բևեռը: Ի վերջո բևեռը հասավ Սարգսյանի հեռացման, և օֆշորային աղմուկը ինչ-որ չափով մարեց, թեև այդ ընթացքում զուտ մամուլի էջերում զարգացումներ լինում էին:
     Եվ ահա Տիգրան Սարգսյանն է այս անգամ փաստորեն նոր թափ հաղորդում այս պատմությանը՝ Փայլակ Հայրապետյանի դեմ զրպարտության հայցով: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Տիգրան Սարգսյանն ունի որոշակի հեռահար պլաններ ակտիվ քաղաքականության հետ կապված և սրանով փորձում է սկսել այդ պլանները՝ իր համար, այսպես ասած, ամենատհաճ և վարկի իմաստով ամենաուժգին հարվածներից մեկից մաքրվելով:
     Մյուս կողմից՝ հստակ է, որ Սարգսյանը ձեռք է տվել բանի, որը կարող է բռնկվել նոր թափով, և այս տեսանկյունից նա չէր կարող չպատկերացնել դա: Սա նշանակում է, որ Սարգսյանն ըստ ամենայնի պատրաստվել է բավական երկար: Այնուամենայնիվ, ինտրիգը հենց այն է, թե ինչո՞ւ հատկապես այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը որոշեց նմանօրինակ կերպով արձագանքել իր դեմ մեղադրանքներին, երբ վարչապետի պաշտոնում նա, չգիտես ինչու, չգնաց զրպարտության համար դատական հայցի»:
     Մանրամասները` թերթի համարում:

4505 | 3
Facebook