Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանն անընդհատ հիշեցնում է՝ եթե մեզ մոտ գումար եք վաստակում, ուրեմն բարի եղեք պարել այն երաժշտության տակ, որը մենք ենք պատվիրում». Նարինե Դիլբարյան

13:15, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Ռուսաստանն անընդհատ հիշեցնում է՝ եթե մեզ մոտ գումար եք վաստակում, ուրեմն բարի եղեք պարել այն երաժշտության տակ, որը մենք ենք պատվիրում». Նարինե Դիլբարյան

«Տվյալ իրավիճակում Ռուսաստանին մեղադրելը քաղաքական միամտություն կլինի: Ռուսաստանն իրականացնում է իր ազգային շահերը, գուցե նենգ ձևով` բարձրաձայն չհռչակելով, այլ միասնական կայսրությունը վերստեղծելու իր նպատակները, բայց ինքը հետևողական գնում է առաջ»,- անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակի՝ ՀՀ-ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին առաջարկին, նման կարծիք է հայտնել ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
     «Իսկ ի՞նչ ենք մենք պատասխան տալիս այդ հետևողականությանը, որն իրոք կարող է բռնակցման և զավթողականության հստակ երանգավորում ունենալ: Մենք ինչ-որ անհամարձակ պատասխաններ ենք տալիս, իրականում պետք է հասարակական հզոր հակազդեցություն ցույց տալ»,- համոզված է լեզվաբանը:
     Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ` մենք իսկապես հայտնվել ենք պատանդի կարգավիճակում: «Ռուսական իշխանություններն անընդհատ հիշեցնում են, որ, եթե դուք ունեք այդքան մարդիկ, ովքեր մեզ մոտ գումար են վաստակում, ուրեմն բարի եղեք պարել այն երաժշտության տակ, որը մենք ենք պատվիրում: Այսինքն` իրենց կողմից դա արդարացված է: Հիմա մնում է մեր գնահատականը` բացարձակ ոչ ասել»:
     Լեզվաբանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը մեզ ոչ մի դրական բան չի տվել, եղել են միայն խաբկանքներ: «Ռուսաստանը բացարձակ իրեն դաշնակցի պես չի պահում, բռնակցման քաղաքականություն է վարում: Քաղաքական և ամբողջ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միշտ զավթողական քաղաքականություն է վարում, պետք է հաշտվել այդ գաղափարին և դադարել Ռուսաստանից պահանջել մեզ հետ նրբանկատ լինել, հիշեցնել, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք: Այդ իրենք պետք է հիշեն, քանի որ իրենք են հայտնվել մեկուսացման մեջ»,- ասում է Նարինե Դիլբարյանը:
     Նրա կարծիքով` մենք ի սկզբանե պետք է հարցին կտրուկ և հստակ պատասխան տայինք՝ ասելով, որ Հայաստանում պաշտոնական լեզուն բացառապես կարող է լինել հայոց լեզուն և այլ տարբերակներ չեն քննարկվում:
     «Մենք ոչ թե պետք է պատճառաբանենք, որ օրակարգում չկա սահմանադրական փոփոխություններ կատարելու հարց, այլ այդպիսի երևույթ տեղի ունենալ չի կարող: Նրանք անընդհատ փորձադիտակներ են նետում մեր քաղաքական դաշտ` հասկանալու համար, թե ինչքանով մենք մեզ այդ պահին թշվառ կզգանք ու կհամակերպվենք: Այդպես են քանդվում անկախությունները»,- համոզված է լեզվաբանն ում, կարծիքով` պետք է ազատվել պատանդի կարգավիճակից:

3647 | 0
Facebook