Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը

չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Համացանցը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանել էր ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին:

Այս թեման մեկնաբանել են`

Մանե Թանդիլյան, «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար

Մանե Թանդիլյան, «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար

Հայաստանի վարչապետը չգիտեր, որ Սյունիքում կա 6 գյուղ, որտեղ ապրում են 250 ընտանիք։ Իսկ ինչքան կզարմանա, որ իմանա Սյունիքում կա գյուղ (անունը դիտավորյալ չեմ նշում շառից-փորձանքից հեռու), որտեղ ապրում է 3 ընտանիք։ Ու եթե սրանք չգիտի, ապա է՜լ ինչեր չգիտի...

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Ստիպված եմ լսում այդ անառակին։ Այս պահին արդեն գրանցել եմ 41 հատ սուտ, կեղծիք և մանիպուլյացիա:

Տարոն Սիմոնյան, իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր

Տարոն Սիմոնյան, իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր

Հազար ասացինք՝ մի խոսացրեք․․․ Ամեն մի խոսքի ու գցած քարի տակից հազար խելոք մարդ ենք բերելու, որ տասնամյակներ հետո կարողանանք դուրս գալ:

Վահե Սարգսյան, պատմաբան

Վահե Սարգսյան, պատմաբան

Գավառական ողորմելի խորամանկը տպավորություն է փորձում ստեղծել (բնականաբար, միայն իր «ազնվացեղ» տեսակի համար), որ իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանը ներգրավվի միջազգային ճանապարհատրանսպորտային համակարգի մեջ, դրա համար սիրով առաջարկում են Ադրբեջանին, որ գա և Հայաստանի վրայով անցնի Նախիջևան ու Թուրքիա: Բայց.... Պարզվում է՝ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է այդ հաճելի նվերից, այդ հիանալի առաջարկից, և պատճառը... «Հայաստանում գործող և չգիտեմ՝ որտեղից հրահրվող ուժերի» (նկատի ունի՝ ընդդիմադիր ուժերին) ստեղծած տպավորությունն է, ըստ որի՝ Հայաստանը չի ուզում տալ ճանապարհ...


Դե, հիշում եք, մեկ տարի առաջ այս օրերին էլ Ադրբեջանը գերիներին չէր վերադարձնում, քանի որ Երևանում ընդդիմությունը հանրահավաքներ էր անում...


Չգիտես՝ ինչո՞ւ, Ադրբեջանը գերիներին չվերադարձրեց նաև այն ժամանակ, երբ ամիսներ շարունակ չկային հանրահավաքներ...


Բայց մի թեթև, շատ թեթև տողատակում գավառական խորամանկը գոնե նշեց, որ Ալիևը նաև առաջ է բերում «միջանցքային տրամաբանությունը...

Արթուր Խաչատրյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արթուր Խաչատրյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին այս «անկեղծ» զրույցը պատահական չէր։ Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը։ Դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ, բայց մի քանիսի մասին հիմա կուզեմ խոսել։


- «Արցախի համար կռիվ արեցինք, բայց դե դեռ 91 թվին էր այդ հարցը լուծված»։ Երկար ու սրտաճմլիկ խոստովանություններ, թե միգուցե արժեր քաղաքական կամք դրսևորել, ասել որ 30 տարվա տառապանքն իզուր էր, և այլն։ Ինչո՞ւ այդ հարցին հիմա անդրադարձավ։ Հասարակությանը կանգնացրեց ընտրության առջև․ «կա՛մ էլի մի կռիվ կլինի, կա՛մ պետք է հաշտվեք մի իրողության հետ, որը դեռ 30 տարի առաջ էր ձևավորվել»։ Այս կեղծ ու դեմագոգիկ պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի։ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, Արցախի կորստի հետ երբեք Հայաստանը չէր համաձայնվել ու չի էլ կարող հրաժարվել։


- Հայաստանը գնում է սահմանորոշման Ադրբեջանի հետ։ Պատերզմում խոցոտված, թուլացած, տնտեսական կոլապսի եզրին կանգնած ու որևէ բանակցային ուժ չունեցող Հայաստանը պատրաստվում է բանակցել իր կենսական տարածքների շուրջ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ սահմանազատումը դարձավ առանձին օրակարգ։ Երկրները գծում են իրար միջև սահմանները, երբ նրանց միջև բոլոր հարցերը լուծված են։ Փաշինյանը սայլը կապում է ձիու առջևից։ Ավելին, նա սահմանազատումը զատում է Արցախի հարցից։ Դա կործանում է։ Եթե Հայաստանը միլիմետրի ճշտությամբ գիտի, որն է իր տարածքը, իսկ այդ տարածքը Սովետական Հայաստանն է, ապա սահմանազատումն ու սահմանագծումը դառնում են տեխնիկական հարց։ Գլխավորը, Արցախի հարցն էլ չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։


- Ադրբեջանը միջանցք կստանա։ Հայաստանը դա միջանցք չի կոչի, բայց Ադրբեջանը ցամաքային կապ կունենա Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Դա կներկայացվի որպես պարզ ճանապարհ, որը կլինի համաշխարհային ճանապարհային ցանցի մի մաս (տե՛ս թյուրքական պետությունների կազմակերպության վերջին հայտարարությունը)։ Չգիտեմ՝ ինչ ռեժիմ կգործի ճանապարհի երկայնքով, բայց ինչով այդ ճանապարհը կտարբերվի միջանցքից՝ պարզ չէ։ Ըստ էության՝ դա հենց միջանցք է։


- Թուրքերը մայիսի 12-ին մխրճվեցին Հայաստանի տարածք, որովհետև «բանակը զբաղված էր քաղաքականությամբ»։ Հիշեցնեմ, որ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրյանին։ Այդ ընթացքում որևէ լարվածություն սահմանին չկար ու մայիսի դեպքերն Օնիկ Գասպարյանի ու այլոց հայտարարության հետ կապելը, մեղմ ասած (շատ շատ մեղմ ասած), իրականության հետ որևէ կապ չունի։ Նաև հիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանը կահավորված է ու ամրացված։ Բայց դե Փաշինյանի համար իրենից բացի բոլորը մեղավոր են։


- Քանի որ Թուրքիան երբեք չի հայտարարի, որ ուզում են հայերին ցեղասպանել, այլև նույնիսկ ժխտում է, թե 1915 թվին ցեղասպանություն է եղել, ուրեմն՝ կեցցե հայ-թուրքական հաշտությունը։


Այնպես որ, սիրելի՛ հայ ժողովուրդ, պատրաստ եղեք ծանր որոշումների։ Բայց կա այլընտրանք՝ դիմադրել ու կանխել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կործանումը:

Բաբկեն Հարությունյան, «Հայրենիք» կուսակցության անդամ

Բաբկեն Հարությունյան, «Հայրենիք» կուսակցության անդամ

Հայաստանի ապագան մինչև 2050թ. «կառուցող» չ՛վարչապետը մի պահ որոշակի անկեղծացավ և մի շարք խոստովանություններ արեց։


1. Պատերազմի մասով խոստովանեց, որ հենց սկզբում էլ գիտեր, որ պարտվելու ենք, բայց չի ունեցել կամք, համարձակություն և նվազագույն չափով գիտելիք ու հմտություն, որպեսզի պատերազմի վերջնարդյունքի համեմատ նվազ զիջումներով կանգնեցներ պատերազմը (օրինակ՝ մեկ կամ երկու շրջան հանձներ ու կանգներ պատերազմը)։


2. Պատերազմել է` ուզելով վերջնական փակել խնդիրը` Արցախը կա՛մ մեզ, կա՛մ Ադրբեջանին ելքով։


3. Հայտնվել ենք նոր պատերազմի շեմին` կա՛մ առանց կռվի ու դիմադրության պետք է Սյունիքում միջանցք տանք, կա՛մ պետք է անենք ամեն ինչ, բայց վերջնարդյունքը նման է լինելու նախորդ տարվա պատերազմի արդյունքներին, այսինքն՝ այս անգամ էլ պարտվելու ենք ու միջանցք տանք։ 4. Սյունիքում միջանցք տալու հարցով ինքը չունի ՌԴ, ՀԱՊԿ և արևմուտքի բավարար չափով աջակցությունը, ոչ էլ ունենալու հույս ունի։


5. Վարչապետի պաշտոնում մնացել է մենակ իր խաժամուժ թիմի հետ և դրսի հետ հարաբերություններում հայտնվել է փակուղում։


6. Հայաստանը հաջորդիվ հայտնվելու է անկախությունը կորցնելու շեմին։


Այսպիսով, այսօր Նիկոլը պարզ ասաց, որ ինքն ու իր իշխանությունն այլևս սպառվել են, չունեն ո՛չ դիմադրության ուժ, ո՛չ էլ առաջիկա ամիսների մարտահրավերներին դիմագրավելու հույս։


Չմոռանանք, որ սրանց հետ մեկտեղ մենք էլ ենք հայտնվել թշվառության մեջ:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Պետության ղեկավարը, որը 2018-20-ին ուներ հանրային վստահության մեծ պաշար, տապալեց արժանապատիվ խաղաղության օրակարգը՝ դիրքավորվելով որպես «ոչմիթիզականության» առաջամարտիկ, հիմա էլ համարձակություն չունի անկեղծորեն խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ տուրք տալով պոպուլիզմին ու փորձելով չեզոքացնել ոչ թե արտաքին ռիսկերը, այլ նրանք, որոնք ստեղծվում են նորահայտ «ազատագրականների» կողմից։


Տխուր է ունենալ ղեկավար, որը չունի խոսքի բովանդակություն, հստակություն ու կարող է երկու ժամից ավելի խոսել՝ մնալով շաբլոնների ու կարգախոսների գերի։ Գուցե կրկնվում եմ, բայց Նիկոլը նմանվում է Բրեժնևին․․. Եթե սխալվում եմ, թող իրապես ձևակերպի Հայաստանի զարգացման համատեքստը՝ դատարկ կարգախոսներից անցնելով խաղաղության իրական օրակարգի, ԼՂ խնդրի կարգավորման օրակարգի ձևավորմանը:

Դավիթ Սանասարյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար

Դավիթ Սանասարյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար

Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. մեղմ ասած, տարակուսած եմ։ Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը։ Չնայած շատ ասելիք կա, բայց հերթով.


Փաշինյանը՝ ի պատասխան «Բարձունքի» հարցին, թե ինչու պատերազմից հետո հենակետերի ամրաշինական աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել, նաև այդ պատճառով (համառոտ)։


Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ։ Պարո՛ն վարչապետ, երբ գերիների մասին խոսում եք, ասում եք՝ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, հիմա իրենց պարտականությունը չկատարած, ու կոնկրետ վերոնշյալ հարցի հետ կապված քանի՞ գեներալ կամ այլ պաշտոնյա է պատասխանատվության կանչվել հենակետային խնդիրները չվերացնելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։


Լավ, վերջիվերջո երկրի ղեկավար եք, կարո՞ղ է մի քիչ ավելի ջանք թափեք ու պատասխանատու դիրքերից խոսեք։ Ի՞նչ է նշանակում պատճառ գտնել դիրքերի վատ կահավորվածության, ամրաշինական աշխատանքների թերի լինելու համար, ախր դա հո քաղաքաշինական հարց չէ, որ ժամանակ տաք ուղղեն թերությունները։ Ախր մի անգամ այդ խայտառակող նախադասությունը (համակարգը դիմադրում է) արտաբերել եք ու կրակն ընկել, ինչպե՞ս կարելի է դասեր չքաղել սեփական սխալներից։ Այդ ո՞վ դարձան այդ պաշտոնյաները, որ զինվորի ու երկրի անվտանգության հետ խաղ են անում:

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Վարչապետի ասուլիսի գնահատման ինդիկատոր պետք է ընդունել ռևանշիստների և նրանց վարձկանների արձագանքը։ Նրանք վայնասուն են բարձրացրել, ուրեմն՝ ասուլիսը հաջողված էր։

| | |
5277 | 0