«Ձևական, կոսմետիկ փոփոխություններ են մարդկանց խաբելու համար». կարծիքներ` Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանալու շարունակել աշխատանքը: Դատախազի հրաժարականը հանրությունը տարբեր տեսանկյուններից է վերլուծում: Շատերի համոզմամբ` դա անմիջական կապ ունի վերջին` 15 օրերի իրադարձությունների հետ, ոմանք էլ կարծում են, որ դա ընդամենը ձևական, կոսմետիկ փոփոխություններ էր` մարդկանց աչքին թոզ փչելու համար: |
Գևորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար
Եթե մարդն ասում է առողջական խնդիրներ ունեմ... Հավատալ-չհավատալը ձեր խնդիրն է, բայց բերվում է պատճառ: Եթե ինքը գտնում է, որ իր առողջական վիճակը թույլ չի տալիս պատասխանատու աշխատանք իրականացնել՝ նա կարող է հրաժարական տալ, ոչ ոք նրան չի կարող ինչ-որ բան ասել, չեմ կարծում դա ինչ-որ բացատրության կարիք ունի: |
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
Կարծում եմ` ուղղակիորեն կապ ունի վերջին 15 օրերի դեպքերի հետ: Այն դեպքերը, որ տեղի ունեցան մեր երկրում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նույնիսկ տոտալիտար ռեժիմների համար աննախադեպ էին` երբ առանց դատախազության սանկցիաների, առանց դատարանի որոշումների` ներխուժում էին մարդկանց բնակարաններ: Գուցե հրաժարականի համար էլի կային գործոններ, բայց ակնհայտ է, որ վերջին դեպքերի հետ ուղիղ կապ կա: |
Ազատ Արշակյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր
Սկսվել է փոփոխությունների շրջան, որի շրջանակներն էլ ավելի են խորանալու: Կարևոր էլ չէ, թե ինչ պատճառաբանություններով կհեռանան, մի բան փաստ է` Հայաստանի չափահաս քաղաքացիներից յուրաքանչյուրն էլ կարող է տեղեկանք ներկայացնել, որ առողջական խնդիրներ ունի: Կոստանյանի հեռանալը կապված է նախագահի վերջին հայտարարութան հետ, որտեղ տեղեկացրել էր այն մասին, որ տեղի են ունենալու փոփոխություններ: Հիմա նախագահը խոսքից անցել է գործի: Հույս ունեմ, որ փոփոխություններ կլինեն քաղաքական դաշտում և կառավարությունում: |
«Հայկական ժամանակ» օրաթերթ
Պաշտոնապես իր հրաժարականը Գևորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում: Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որևէ փոփոխություն չի եղել: Այնպես, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է: |
«Ժողովուրդ» օրաթերթ
«Նկատենք, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում չէր եղել ոչ մի իրադարձություն, որը կհուշեր Գևորգ Կոստանյանի հնարավոր հրաժարականի մասին: |
Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Անշուշտ, կապ կա․․․ չգիտեմ ո՞րն է իրական պատճառը, չեմ էլ ուզում իմանալ․․․ Իշխանությունն, անկասկած, ուզում է, որ ժողովուրդն այդ քայլը դիտի, որպես վերջին իրադարձությունների արձագանք՝ իբր պատժում են մեղավորներին և այլն․․․ սակայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե մեղավորներն ովքեր են՝ ռեժիմն ամբողջությամբ, պարագլխի հետ միասին։ |