Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վտանգավոր նախադեպ. ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ անտեսել է Օբամայի սահմանած վետոն

12:05, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Վտանգավոր նախադեպ. ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ անտեսել է Օբամայի սահմանած վետոն

ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ օգտվել է օրենքով իրեն վերապահված իրավունքից և անտեսել է երկրի նախագահ Բարաք Օբամայի սահմանած վետոն:
     Այսպես, սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն օրինագիծ է ընդունել, որը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի և տուժածների հարազատներին թույլ է տալիս դատական հայց ներկայացնել ընդդեմ արտասահմանյան երկրների կառավարությունների և քաղաքացիների: Մասնավորապես, այստեղ խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային, որին մեկ անգամ չէ, որ մեղադրել են ահաբեկիչներին օժանդակելու համար:
     Օրինագծի ընդունման հաջորդ իսկ օրն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է սահմանել օրինագծին` բացատրելով, որ չի ցանկանում վատացնել Վաշինգթոնի հարաբերությունները դաշնակցի հետ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` նախագահական վետոյի շրջանցմանը կողմ է քվեարկել կոնգրեսականների գերակշիռ մեծամասնությունը` 348-ն ընդդեմ 77-ի: Կոնգրեսականների դեմարշը բացատրվում է նրանով, որ ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը հանրապետականներ են, ովքեր շարունակ քննադատում են դեմոկրատ նախագահի որոշումները: Մասնագետները նշում են, որ կոնգրեսականներն առաջին անգամն է, որ Օբամայի պաշտոնավարման ընթացքում դեմ են արտահայտվում նրա սահմանած վետոյին:
     Սպիտակ տունը քննադատել է Կոնգրեսի ընդունած որոշումը: Օբամայի մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթը հայտարարել է, որ հանրապետականների աշխատանքից դժգոհ են ոչ միայն դեմոկրատներն, այլև հանրապետականների ընտրազանգվածը: Ինքն` Օբաման, այս որոշումը «վտանգավոր նախադեպ» է որակել ու նշել է, որ այս օրենքը կարող է գործել ի վնաս ԱՄՆ-ի: «Մենք անսպասելիորեն հայտնվեցինք մի իրավիճակում, որ կարող ենք պատասխանատվության ենթարկվել այն ամենի համար, ինչ մենք արել ենք ողջ աշխարհում: Մենք դատարաններում անհատական հայցերի սուբյեկտ ենք դարձել, որտեղ մենք հաճախ չենք կարող գուշակել, թե ինչ հետևանքներ կլինեն»,- նշել է Օբաման` նկատելով, որ Կոնգրեսի դեմարշն իր համար անակնկալ էր:

6660 | 0
Facebook