Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արի երազենք…»` Համազգային թատրոնի բեմում

18:20, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2016 թ.
«Արի երազենք…»` Համազգային թատրոնի բեմում

Առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Սաշա Գիթրիի «Արի երազենք…» կատակերգությունը, որը բեմադրելու համար Ֆրանսիայից Հայաստան է հրավիրվել հայտնի բեմադրիչ և դերասան Ժիրայր Բաբազյանը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց բեմադրիչը` ընդամենը 6 շաբաթում հասցրել են ամբողջ աշխատանքը կազմակերպել: «Բարեբախտաբար այնպսիսի դերասանների հետ ծանոթացա, որոնց հետ մեծ հույսեր եմ կապել»,- ասաց ռեժիսորն, ում խոսքով` միտումնավոր են որոշել թեթև պիես ընտրել:

«Սաշա Գիթրին համարվում է թեթև գրող, բայց նրա գրիչը շատ սուր է և խելացի: Պիեսը 100 տարի առաջ է գրել, բայց շատ ժամանակակից է: Հեղինակն այն գրել է 1-ին համաշխարհային պատերազմի ամենադաժան շրջանում, այդպիսի դժվար ժամանակաշրջանում մարդը գրել է այսքան թեթև ոճով»,- նշեց բեմադրիչը:

Պիեսը սիրո մասին է, որքանո՞վ են համադրելի սերը, հավատարմությունն ու երջանկությունը… Համազգային թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանի խոսքով` ռեժիսորը բեմադրության մեջ շատ հարցականներ է դրել, որոնց հարցերի պատասխանները հանդիսատեսից յուրաքանչյուրը կստանա յուրովի: «Ես հակված եմ հարցականների թատրոնին, կարծում եմ, թատրոնը ոչ թե պետք է հստակ դեղատոմս առաջարկի, այլ քեզ մտածելու առիթ տա, զգացմունքներդ խառնի, իսկ թե դու ի՞նչ կընտրես, դա արդեն քո գործն է»,- նշեց Վարդան Մկրտչյանը:

Դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Արման Նավասարդյանն ու Նարեկ Բաղդասարյանը։ Ներկայացման բեմանկարիչն է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն, ով Շվեյցարիայում է ուսանել բեմանկարչություն: «Ներկայացման մեջ թեթև ոճի բեմական հարդարանք է արված, բայց բավական հետաքրքիր: Աշխատելու ենք այս ոճը պահել»,- նշեց Վարդան Մկրտչյանը:

Հիշեցնենք` «Արի երազենք» ներկայացման պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, 27-ին և 29-ին` Համազգային թատրոնում:

7005 | 0
Facebook