Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայից մինչև Ղարաբաղ. ինչ է կանգնած Հայաստանի «ապստամբության» ետևում. Slon.ru-ի անդրադարձը

20:05, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Թուրքիայից մինչև Ղարաբաղ. ինչ է կանգնած Հայաստանի «ապստամբության» ետևում. Slon.ru-ի անդրադարձը

Ռուսական Slon.ru կայքն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է երևանյան իրադարձություններին:

Հուլիսի 17-ին մի խումբ զինված մարդիկ մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, հսկողություն են սահմանել տարածքի նկատմամբ և պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին` պահանջելով Ժիրայր Սեֆիլյանի և այլ քաղբանտարկյալնեի ազատ արձակումը:
     ՊՊԾ գունդը պաշարել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները` մոտ 25 մարդ, այդ թվում նաև Ղարաբաղյան պատերազմի վետերաններ:
     Հարձակման առիթը «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն էր` ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով: Դժվար է ասել, արդյոք վերջինի կողմնակիցները հույս ունեին փոխարինել նրան պատանդներով: Լրագրող Հայկ Խալաթյանի կարծիքով, Սեֆիլյանի ձերբակալությունից հետո Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները վտանգ զգացին իրենց համար: Հնարավոր է, նրանք երկյուղում էին, որ Սեֆիլյանից հետո իրենց էլ կձերբակալեն և որոշեցին նախահարձակ լինել:
     ՊՊԾ գունդը գրավելուց հետո Հիմնադիր խորհրդարանը հայտարարեց, որ դա ապստամբության սկիզբն է: «Մենք զինված ապստամբություն ենք սկսում»,-սոցցանցում գրել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ, առաջնորդ Վարուժան Ավետիսյանը: Ճիշտ է, վերջինի պնդումները ենթադրյալ ապստամբության վերաբերյալ(օրինակ, այն, որ ընդդիմադիրները վերահսկողության տակ են առել Երևանի Էրեբունի համայնքը) դեռևս չեն հաստատվել: Էական աջակցություն բնակչության կողմից արմատականները նույնպես չեն ստացել:
     Վերջին տարիների ընթացքում ՀՀ ընդդիմադիր ուժերը մի քանի անգամ փորձել են «մայդան» կազմակերպել, սակայն խոսքն ավելի շուտ գնում էր բողոքի ակցիաների, իշխանության վրա ճնշումների մասին, քան զինված ապստամբության փորձերի:
     Խալաթյանի խոսքերով՝ Հայաստանում բարձր է իշխանության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը, սակայն արմատական ընդդիմադիրներին ոչ բոլորն են աջակցում և իշխանափոխության նրանց բաղադրատոմսերը` նույնպես: «Երկիրը պատերազմական վիճակի մեջ է հարևան Ադրբեջանի հետ, այդ պայմաններում մարդիկ չեն ցանկանում, որ երկրում լինեն ներքաղաքական ցնցումներ»,-նշում է նա:
     Ղարաբաղյան հակամարտությունն էական գործոն է: Եթե անգամ խռովությունը բերի իշխանափոխության, դա կարող է վերածվել քաղաքացիական դիմակայության: Ադրբեջանի համար, որը բազմիցս հայտարարել է ցանկացած եղանակով կորցրած տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին, Հայաստանի ճգնաժամը այդպիսի փորձ ձեռնարկելու բարենպաստ հնարավորություն կընձեռի: Նոր իշխանությունը Երևանում կարող է բախվել նոր պատերազմի վտանգի հետ:
     Ինչ կապ ունի այստեղ Թուրքիան:
     «Ապստամբության» մեկնարկի մասին ընդդիմությունը հայտարարեց հարևան Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից անմիջապես հետո: Ոմանք կարծեցին, որ դա պատահականություն չէր: Քաղաքագետ Անդրեյ Բուզարովի կարծիքով, հայ ընդդիմադիրներն ուղղակի որպես առիթ կարող էին օգտագործել Ստամբուլի իրադարձությունները լրացուցիչ ուշադրություն գրավելու համար: «Որոշել են PR անել, թե երկրում իշխանափոխություն է կատարվում»,- նշել է նա:
     Կան նաև կոնսպիրոլոգիական տեսություններ, որոնք կապում են վերջին իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հետ, որոնց հերթական փուլը պետք է կայանար հուլիսի 18-ին: Թուրքիան իբրև թե որոշակի զիջումների կարող էր գնալ Ղարաբաղի հարցում (ընդհանուր առմամբ նա աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի հետ սահմանը փակ է), և որոշ ուժեր փորձեցին խանգարել դրան` սկզբից Ստամբուլի խռովությամբ, այնուհետև իրավիճակի ապակայունացմամբ Երևանում:
     Երևանյան իրադարձությունները կապում էին Ղարաբաղի հետ և այլ կոնտեքստում: Ադրբեջանական մամուլը գնահատել է դա որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Երևանի հնարավոր զիջումներին խանգարելու փորձ: Սեֆիլյանն ու իր կողմնակիցները բազմիցս մեղադրել են իշխանությանը Ղարաբաղի տարածքները Ադրբեջանին հանձնելու մտադրության համար:
     Սակայն նման բնա դեռ տեղի չի ունեցել: Այդպիսի որոշումը Հայաստանում մեծ դժգոհությունների ալիք կբարձրացներ և ոչ միայն արմատական ընդդիմության կողմից: Դա հասկանում են նաև իշխանությունները:
     «Այդ ժամանակ մարդիկ փողոցներ դուրս կգան, -նշում է լրագրողը,- Դա միակ հարցն է, որը միավորում է ողջ հայ հասարակությանը...Այդ դեպքում Հայաստանն իսկապես կհայտնվի ներքաղաքական ցնցման վտանգի առջև, մինչև անգամ՝ իշխանափոխության»:

8468 | 1
Facebook