Քիչ առաջ ցուցարարների հետ խոսելիս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Մենք այս ընթացքում Արեշով բարձրացանք Սարի թաղ, իրավիճակը իրոք շատ լարված էր, փողոցում անվադողերից ու աղբամաններից 2 շերտով բարիկադներ էին սարքել: Ես դրանք անցա և համոզվեցի, որ իրոք բախում է տեղի ունեցել: Կային բետոնի, քարերի թափված կտորներ, Սարի թաղի բնակիչները բողոքում են, որ ոստիկանությունն իրենց առել է շրջափակման մեջ, իսկ իրենք բարիկադներ են սարքել և կրակ վառել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն «Սասնա ծռեր»-ի տղաներին: Հավաքվածները հիմնականում երիտասարդներ են, ովքեր ինձ տեսնելով վանկարկեցին «Պավլիկ, Պավլիկ»: Հորդորեցին, որ ձեզ այս ամեն ինչը տեղեկացնեմ, նաև ասացին, որ միանում են Սերժ Սարգսյանի պահանջին»: Այս խոսքի վրա ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Սերժիկ հեռացիʹր»: Նրանք նաև պահանջեցին, որ երկրի իշխող ղեկավարությունը պաշտոնապես հերքի այն լուրը, թե ռուսական «Ալֆա» ջոկատն է գալիս՝ ապստամբներին գազով թունավորելու համար: