«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հայտարարոություն է տարածել` տեղեկացնելով, որ խուզարկություններ են կատարվում Նոր Հայաստան ճակատի երիտասարդ աջակիցների (Գագիկ Եղիազարյան, Սևակ Մանուկյան), ինչպես նաև Հայկական վերածնունդ համասփյուռքյան շարժման Բելգիայի ստորաբաժանման պատասխանատու Գարիկ Խաչատրյանի` Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը:
Վարուժան Ավետիսյանն արդեն հայտնել է, որ խուզարկել են նաև Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում ՀԿ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի` Քանաքեռավանում գտնվող տունը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի բնակարանը և ոչ մի տեղից առհասարակ ոչ մի բան չեն գտել:
Պավլիկ Մանուկյանը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, հաստատեց, որ խուզարկություն է իրականացվել իր բնակարանում. «Մի խումբ մարդկանց ցուցակ ներկայացրեցին, հարցրեցին այդ խմբի անդամներից ո՞ւմ եմ ճանաչում. ոչ ոքի չգիտեի, հնարավոր է` տեսնեմ, դեմքով ճանաչեմ, բայց անուն ազգանուններով` անծանոթ էին…: Միայն Ժիրայր Սեֆիլյանին ճանաչեցի և Սասուն Կիրակոսյանին, որն իմ մարտական ընկերն է եղել»,- ասաց ազատամարտիկը:
Պ. Մանուկյանի համոզմամբ, այս միջադեպը «վերևից պատվեր է»: «Մենք հասկանում ենք, որ սա վերևից պատվեր է: Որքան մոտենա դավադրությունն ի կատար ածելու ժամը, ճնշումներն այնքան, տարբեր առիթներով, ավելի կմեծանան»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: