«Արեգակ» վարկային կազմակերպությունն ամբողջությամբ մարել է զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի ընտանիքի վարկային պարտավորությունը: Այս մասին
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի ղեկավար Վարդան Մարգարյանը: «Սարգսյանների` 600 հազար դրամի վարկը չեղարկվել է: Կազմակերպությունից եկան, խոսեցին ընտանիքի անդամների հետ, խոստացան օգնել ու օգնեցին: Նույնիսկ ասացին` եթե գյուղում վիրավոր զինծառայող կա, իրենց վարկային պարտավորություններն էլ կմարենք: Մեկ վիրավոր ունենք, տվյալները տրամադրել ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք` մոտ երկու շաբաթ առաջ
գրել էինք, որ սահմանային լարվածության օրերին զոհված կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, տան միակ աշխատողը Վրեժն էր: Վարկային կազմակերպության աշխատակիցները խոստացել էին, որ տնօրենի վերադառնալուն պես կզբաղվեն վարկի չեղարկման հարցերով: