Ռուս սահմանապահները Կազբեկ-Վերին Լարս անցակետում արգելում են Վրաստանից տարանցիկ ճանապարհով դեպի Ռուսաստան մեկնող թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթի թղթակիցը` հենվելով վրացական «Փիրվելի» լրատվականի տրամադրած տեղեկատվության վրա:
Գործակալության հաղորդմամբ` սահմանին` վրացական կողմում, թուրքական պետհամարանիշներով 100-ավոր բեռնատարներ են արգելափակված, իսկ այլ երկրների պետհամարանիշներով ավտոմեքենաներին թույլատրվում է հատել սահմանը:
Թուրք վարորդների խոսքով` սահմանապահները չեն բացատրում արգելման պատճառը, սակայն իրենք դա կապում են թուրքական օդուժի կողմից ռուսական կործանիչի խոցման հետ:
Թբիլիսին պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հրապարակել այս ամենի հետ կապված: