Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնային մահվան հերթական դեպքն է գրանցվել». Արթուր Հայրապետյան

18:20, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2015 թ.
««Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնային մահվան հերթական դեպքն է գրանցվել». Արթուր Հայրապետյան
     «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երեկ գրանցվել է նորածնային մահվան հերթական դեպքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր օգտատերերից Արթուր Հայրապետյանը. «Արդեն տասներկու օր պառկած էր հիվանդանոցում, իբր թե բժիշկների վերահսկողոթյան տակ: Ասել են, որ ամեն բան բարեհաջող է, երեխայի վիճակը գերազանց է, և մի քանի ժամից ծննդկանը ողջ- առողջ երեխա կունենա: Չի անցնում 20 րոպե, հերթապահ բժիշկը ծննդկանին տեղեկացնում է, որ պտուղը մահացել է՝ սրտի բաբախը կանգ է առել»,- մասնավորապես նշել էր նա: Գրառումն՝ ամբողջությամբ՝ այստեղ.
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը փորձեց դեպքի մասին մանրամասներ պարզել «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանից, սակայն ընդունարանից ասացին, որ նա չի պատասխանում լրագրողների հարցերին: Փոխանցեցին հիվանդանոցի ադմինստրացիայի ներկայացուցիչ Դավիթ Սմբատիչի հեռախոսահամարը: Վերջինը հայտնեց, թե չի կարող տրամադրել որևէ տեղեկատվություն՝ առանց հիվանդի և նրա հարազատների թույլտվության:
     Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ չկա նման օրենք, որի համաձայն՝ հիվանդանոցը չի կարող ներկայացնել դեպքի մանրամասները: «Կարող են պահել անձի գաղտնիությունը, բայց ներկայացնել մանրամասները»:
     Մեր թղթակիցը կրկին զանգահարեց տնօրենի ընդունարան. աշխատակիցները, որոնք այդպես էլ չներկայացան, կրկնեցին նույնը, թե չեն կարող տրամադրել տեղեկատվություն առանց մյուս կողմի համաձայնության: Մեր հակադարձմանը, որ Առողջապահության նախարարությունից նշել են՝ չկա նման օրենք, պատասխանեցին. «Հեռախոսով չենք կարող դեպքի մասին մանրամասներ ներկայացնել, եթե ուզում եք, կարող եք երկուշաբթի գալ կլինիկա»: Արձագանքեցինք, որ երկուշաբթի արդեն շատ ուշ է, ասացին. «Գիտեք, նման դեպքեր կլինիկաներում օրվա ընթացքում քանի՜ անգամ է լինում: Ի՞նչ եք կենտրոնացել «Շենգավիթ»-ի վրա, Դուք գիտե՞ք, որ անցած շաբաթվա ընթացքում օրինակ իքս կլինիկայում էլի դեպք է եղել»: Աշխատակիցն ասաց, որ ներկայացնենք պաշտոնական հարցում ու անջատեց հեռախոսը: Մեր երկրորդ զանգին պատասխանեց մեկ այլ աշխատող ու սկսեց նկատողություն անել. «Ոնց որ չենք հասկանում իրար, կանեք պաշտոնական հարցում, մենք կպատասխանենք, բոլոր մնացած հարցերով մեզ մի անհանգստացրեք, առավել ևս՝ հեռախոսով»: Մեր թղթակիցը խնդրեց ներկայանալ, փոխարենն աշխատակիցները սկսեցին ծիծաղել, իսկ երբ ասացինք, որ ոչ հարցն է ծիծաղելի, ոչ էլ՝ առավել ևս դեպքը, պարզապես պատասխանեցին. «Հաջողություն»:
    
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականը նաև գրավոր հարցում է ուղարկել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրինությանը՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ պարզելու համար:

Շենգավիթ բժշկական կենտրոնում երեկ գրանցվեց կրկին մահացության դեպք: Զանգ ստացա, որ ծննդկանը, ով արդեն տասներկու օր պառկած...

Posted by Artur Hayrapetyan on Friday, November 20, 2015
8427 | 2
Facebook