Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ Արարատի մարզում արդեն 5-րդ ընտանիքն է տնով ապահովվում

16:08, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ Արարատի մարզում արդեն 5-րդ ընտանիքն է տնով ապահովվում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Ավելի վաղ համագործակցող կողմերը ևս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ և Մարմարաշեն համայնքներում:

Հայրապետյաններն իրենց տան շինարարությունն սկսել են 25 տարի առաջ: Այդ ընթացքում ընտանիքին հաջողվել է կառուցել միայն նկուղը, որտեղ ապրել են տասը տարի, ապա արտերկիր մեկնող հարևաններից մեկը նրանց ժամանակավորապես տրամադրել է իր բնակարանը: Ընտանիքից պահանջվել է տասնհինգ տարի՝ կառուցվելիք տան պատերը կանգնեցնելու համար:

«Տղաս՝ Հարությունը, ծնվել ու մեծացել է մութ ու խոնավ նկուղում: Ամուսինս ու ես երկար տարիներ չէինք կարողանում ներել մեզ, որ չկարողացանք տարրական պայմաններ ապահովել մեր տղայի համար: Հիմա որդիս ինքն էլ ընտանիքն ունի, ու ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես կարող ենք ապրել սեփական հարկի տակ և զգալ օջախի ջերմությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ռայան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ այս տարի 40 ընտանիք հաղթահարել է տուն կառուցելու խնդիրը՝ հոգսերը թողնելով անցյալում:

«Հայ մարդու համար և առհասարակ մարդկության համար ամենակարևոր վայրը տունն է. վայր, ուր մարդը կայանում է, ուր ծնվում են նրա հույսերն ու երազները, ուր անցյալն ու ապագան միահյուսվում են ու դառնում ընտանիքի պատմություն: Այս ընտանիքի համար այս տունը քառորդ դարի երազանք է ու վստահաբար արժեր այդ երազանքն իրականություն դարձնել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Մենք սիրով և հպարտությամբ ենք մասնակցում այս ծրագրի իրականացմանը: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ևս մեկ ընտանիք թոթափում իր ուսերի բեռը և վերագտնում ապագայի հանդեպ հույսը: Եվ ամենևին պատահական չէ, որ մենք մեր աջակցությունը չենք սահմանափակում միայն ֆինանսական ներդրմամբ: Շինարարական աշխատանքներում ներգրավվելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը խնդրի լուծման բարոյական կողմն է, ինչն ավելի կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

9528 | 0
Facebook