Հայ լուսանկարչի ազդեցիկ լուսանկարը կհրապարակվի միջազգային, այդ թվում և՝ թուրքական կայքերում
Լուսանկարիչ Կարեն Չախալյանի ներկայացրած լուսանկարը, որն ապրիլի 22-ի երեկոյան կտեղադրվի թուրքական, ինչպես նաև միջազգային մի շարք լուսանկարչական կայքերում, այդ թվում` «National Geographic»-ում` «Recognize The Armenian Genocide» խորագրով, լայն արձագանք է գտել համացանցում: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Կարենը նախ ասաց, որ «National Geographic»-ի հետ համագործակցելու պաշտոնական հրավերը ստացել է 2.5 տարի առաջ, իսկ թուրքական կայքից` 2013-ի աշնանը. «Ընկերոջս հրավերով գնացել էի Ստամբուլ: Մի քանի տեսարան էի լուսանկարել, երբ տեղադրեցի իմ էջում, նկատեցին ու հրավիրեցին»,- ասաց նա: Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված այս վերջին լուսանկարին՝ Կարենն ասաց, որ հերոսուհին իր 4 տարեկան դուստրն է, ապա շարունակեց. «Գաղափարը վաղուց կար, որոշեցի Ցեղասպանության 100-ամյակի առթիվ սեփական նախաձեռնությամբ հանդես գալ: Ով ինչով կարող է, պետք է իր ձայնը լսելի դարձնի աշխարհին: Նկարը հոգեբանական է, ազդեցիկ և կլանող: Նախորդ տարի ներկայացրածս լուսանկարը կրկին հավերժական կրակի ֆոնին էր, կոտրված երկու մեխակներ էին: Թուրքերն արձագանքեցին հարցականներով, իսկ եվրոպացիները բարձր գնահատեցին»,- նշեց լուսանկարիչը: Լուսանկարը մեկնաբանելիս հեղինակը ընդգծեց. «Այն արված է այն նույն մեթոդով, ինչ մեթոդով նկարվել է Մոնա Լիզան: Կարող եք տեսնել Ֆիբոնաչչիի սպիրալը, համապատասխան ոսկե հատման, որը կառուցում է նկարի կոմպոզիցիան, այսինքն սկսում ենք նայել տիկնիկից, անցնելով դեմքին, այնուհետև հետևի աստիճաններին, դիմացի կրակին ու ձախ աստիճաններով հեռանում ենք կադրից, դեղինով նշված է ոսկե անկյունը 137,5 աստիճան, որը գործող կերպարից՝ աղջնակից, ուշադրությունը տանում է դեպի հավերժական կրակը: Կապույտով սպիրալը հստակ ցույց է տալիս տիկնիկի դիրքն աղջկա նկատմամբ, նույնպես ոսկե հատման մեջ: |