Ռուբեն Բաբայան. «Ժամանակն է` սայլը տեղից շարժենք, թատրոնում ավելի կարևոր հարցեր կան, քան փող մուրալը»
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում Թատերական գործիչների միության` այս տարի նախաձեռնած մարզային թատրոնների ստուգատեսի ընթացքում, մարզային թատրոնները ներկայացան մայրաքաղաքում, ինչպես նաև եղան մեկնումներ մարզեր: Զուգահեռ քննարկվեցին նաև մարզային թատրոններին վերաբերող մի շարք խնդիրներ: Անդրադառնալով մարզային թատրոններին` միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հաճախակի է լինում մարզերում, և ներկա գտնվում պրեմիերաներին: «Ամեն մեկնելուց ի հայտ էին գալիս շատ լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են այդ թատրոնների բնականոն զարգացմանն ու ստեղծագործական առաջընթացին: Այսօր թատրոններում ևʹ դոտացիան է շատ քիչ, ևʹ կենցաղային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրներ, թույլ չեն տալիս որպեսզի բնականոն հիմքի վրա լինի ստեղծագործական աշխատանքը»,- նշեց Հակոբ Ղազանչյանը: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան Անդրադառնալով Աբովյանի թատրոնին, որը մարտի 18-ին ստացել է քաղաքապետարանի ենթակայության կարգավիճակ, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ նրանց վերջին ներկայացումը պարզապես զարմացրեց իր ճաշակով: «Մարդիկ իրենց ձեռքերով հրաշալի դեկորացիա ու տիկնիկներ են ստեղծում: Մարզային թատրոններն այսօր անկախ նրանից ստատուս ունեն, թե` ոչ, գոյություն ունեն նման նվիրյալների շնորհիվ»,- ասաց ռեժիսորը: Նրա կարծիքով` մարզերում տեղական ոչ բոլոր իշխանություններն են հետաքրքրված թատրոնով: «Իսկ թատրոնը մարզերում զարգացնելը դա ստեղծագործական խնդիր չէ, դա լրջագույն քաղաքական խնդիր է: Բացառությամբ Կապանի թատրոնից, մարզային մյուս թատրոններում տպավորություն է, որ առանձնապես այս խնդիրը դրված չէ. ի՞նչ ենք բեմադրելու, և ո՞վ է գալու դիտելու այդ ներկայացումը»: Հակոբ Ղազանչյանի համոզմամբ` Կապանի թատրոնում կան հրաշալի երիտասարդ կադրեր, որոնք կարծես թարմ արյուն են ներարկում թատրոնին: «Նրանց պետք է ամեն գնով պահել թատրոնում, միջավայր ստեղծել նրանց ստեղծագործելու համար: Ես լուրջ, հուսադրող տենդենցներ տեսա»,- նշեց Հակոբ Ղազանչյանը: Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էլ գտնում է, որ հայաթափությունը նվազեցնելու համար առաջին հերթին պետք է կարևորագույն ուշադրություն դարձնել մարզերի մշակութային կյանքին: «Ավելի շատ պետպատվեր պետք է տալ մարզերին, քան երևանյան թատրոններին, որովհետև մարզային թատրոնները գտնվում են ծայրաստիճան սուղ, ֆինանսապես քայքայված վիճակում: Մտնում ես թատրոն, թատրոնի հոտ չի գալիս, խայտառակ վիճակ է»,- անկեղծացավ Վահե Շահվրեդյանը: Նա նշեց, որ արդեն 8-րդ արվեստանոցն է ղեկավարում, և շատ տաղանդավոր մարդիկ են հեռացել թատրոնից: «Տառապանքով, արցունքներն աչքերին հեռացել են, հատկապես` տղաները: Ի՞նչ անեն, չեն կարող ընտանիք պահել: Ողբերգական վիճակով հեռանում են իրենց ընտրած մասնագիտությունից»,- պատմեց գեղարվեստական ղեկավարն, ով ուզում է հավատալ, որ այս նախաձեռնությունը կունենա իր արդյունքը: «Կուզենամ, որ նման մի հանդիպում էլ կազմակերպվի մշակույթի նախարարի անմիջական մասնակցությամբ: Վերջերս շատ է դժվարացել նախարարությունում այս կամ այն ղեկավարին տեսնելը»,- խոստովանեց ռեժիսորը: Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյան Հակոբ Ղազանչյանն էլ նշեց, որ կան մարզեր, որոնք ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն ունեն, բայց չեն անում: «Օրինակ` Սյունիքի մարզը մի քանի կոմբինատ ունի, որը կազմում է Հայաստանի բյուջեի 25 տոկոսը: Քանի՞ անգամ են թատրոնին ձեռք մեկնել, համոզված եմ` ոչ մի անգամ»,- ասաց Հակոբ Ղազանչյանը, ում համոզմամբ` տեղի իշխանությունները գլխավոր պատասխանատուն են: Ռուբեն Բաբայանն էլ ավելորդ համարեց ամեն առիթով «մատը դնել» մշակույթի նախարարության վրա: «Գուցե սկսենք թատերական գործի կազմակերպումն ավելի ճիշտ իրականացնել: Գեղարվեստական առումով մատը մատին չենք տալիս… մեռած, քարացած վիճակից դուրս գալ է պետք»,- նշեց Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով` Հայաստանի բոլոր թատրոնները հնարավոր չէ ղեկավարել մի կետից: Ռեժիսորը կարևոր համարեց այն հանգամանքը, թե ով է ղեկավարում թատրոնը: «Ինչքան մայրաքաղաքում ավելի պլպլան է կյանքը, այնքան ավելի մռայլ է մեր մարզերում: Պետք է բալանսի բերել»,- նշեց ռեժիսորը: Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան Կարևորելով այս հանդիպումը` Ռուբեն Բաբայանը նաև իր մտահոգությունը հայտնեց. «Ինքներս խոսում ենք, ինքներս հրճվում, մենք մեզ ծափահարում ու գնում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Ժամանակն է, որ սայլը տեղից շարժենք, և թատրոնում ավելի կարևոր հարցեր լուծենք, քան փող մուրալը»,- ամփոփեց Ռուբեն Բաբայանը: |