Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է առաջին ողնաշարավոր կենդանին, որը րոպեների ընթացքում փոխում է մաշկի կառուցվածքը

19:10, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Հայտնաբերվել է առաջին ողնաշարավոր կենդանին, որը րոպեների ընթացքում փոխում է մաշկի կառուցվածքը

Ամերիկացի կենդանաբաններն աշխարհում առաջին անգամ բացահայտել են ողնաշարավոր կենդանու, որը կարողանում է փոխել իր մաշկի կառուցվածքը: Եղունգի մեծությամբ այս գորտի մաշկը փշերով ծածկվածից դառնում է հարթ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Կենդանուն հայտնաբերել են Էկվադորում, Անդերի ստորոտի արգելոցում:

Այս տարածքում դեռ բազմաթիվ կենդանատեսակներ են ապրում, որ անհայտ են գիտությանը: Pristimantis mutabilis-ին հայտնաբերել են ամուսնիններ Կատերինա և Թիմ Քրինակիները: Կենսաբաններն ամեն տարի հետազոտում են արգելոցի ամֆիբիաներին՝ որոնելով հազվագյուտ կենդանատեսակների: Գորտին նրանք առաջին անգամ տեսել են 2006-ին և նկարահանել՝ անվանելով «փանք-ռոքեր»՝ մեջքի փշերի պատճառով:

2009-ին նրանք դարձյալ նկատել են գորտին ու այս անգամ կարողացել են բռնել՝ մանրամասն ուսումնասիրությունների համար: Երբ ամուսիններն առավոտյան տեսել են, որ մեջքի բոլոր փշերն անհետացել են, հիասթափված մտածել են, թե ուրիշ գորտի են բռնել և պատրաստվել են բաց թողնել: Սակայն մեծ է եղել նրանց զարմանքը, երբ կարճ ժամանակ անց գորտի փշերը վերադարձել են:

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Pristimantis mutabilis-ի փշերը հայտնվում և անհետանում են 5 րոպեի ընթացքում: Էգերի մարմնի երկարությունը հասնում է 20-23 մմ երկարության, իսկ արուներինն՝ ավելի քիչ:

12814 | 0
Facebook