«Աստիճանները զգուշությամբ ենք բարձրանում, հանկարծ չփլվեն». Արտաշատի թատրոնը 2011-ից վերանորոգվում է
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում, մարտի 17-ից մեկնարկած մարզային թատրոնների ներկայացումների դիտման շրջանակում, հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկնել Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն` դիտելու Սևակի` «Բարի երազս ձեզ, սիրելիներ» ներկայացումը: Թատրոնի անավարտ վերանորոգման, կիսաքանդ պատերի ու ճռճռացող աստիճանների, 80-ականների լուսային ու ձայնային սարքավորումների, բայց չհիասթափվող, ու նման պայմաններում ամեն օր փորձի եկող դերասանակազմի մասին, ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանի հետ: «Քաղաքաշինության նախարարությունից 2011-ին վերանորոգումը սկսեցին, բայց մնաց անավարտ: Այս տարի կրկին այդ հարցը ոտքի է հանվել, արդեն եկել, նայել են, և ամենայն հավանականությամբ, բյուջեի սահմաններում այս տարի վերանորոգման հարցն անպայման կլուծվի»,- նշեց թատրոնի տնօրենը: «Բայց, մեզ համար այդ վերանորոգումից ավելի կարևոր է այն, որ մենք 80-90-ականների լուսային և ձայնային սարքավորումներով ենք աշխատում: Պարզապես մի կերպ ենք աշխատում»,-ավելացրեց Գեղանուշ Սայադյանը: Նրա խոսքով` թատրոնի տոմսերն արժեն ընդամենը 400-500 դրամ, բայց նա չի ուզում ասել, որ շատ են նեղվում: «Տարեկան խաղում ենք մոտ 70 ներկայացում, սպասարկում ենք շուրջ 20 հազար հանդիսատեսի: Տոնածառային ներկայացումների ժամանակ, պարտադիր մեկ անգամ անվճար խաղում ենք անապահով խավի, մանկուց հաշմանդամ երեխաների ու զոհված ազատամարտիկների թոռնիկների համար»,- պատմեց թատրոնի տնօրենն, ում խոսքով` չնայած այսօր շատ դժվար է հանդիսատես ունենալը, բայց ամեն կերպ փորձում են այդ խնդիրը լուծել: «Հիմնականում դպրոցների հետ ենք համագործակցում. դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ քննարկում ենք, թե ինչ ներկայացում բեմադրել»: Նրա խոսքով` տարեկան երեք նոր ներկայացում են հանձնում` անկախ նրանից պետպատվերի շրջանակներում կունենան գումար, թե` ոչ: «Մեր սուղ միջոցներով իրականացնում ենք: Ի դեպ, վերջին անգամ պետպատվեր ունեցել ենք 2011-ին և ունենք այս տարի: Հյուրախաղերի հնարավորություն ևս չենք ունենում»,- նշեց Գեղանուշ Սայադյանը: Լուսանկարներում շենքի վերանորոգված հատվածներն են Չնայած այս ամենին, տնօրենը հպարտանում է, որ թատրոնը հրաշալի դերասանակազմ ունի, և ի տարբերություն շատ թատրոնների` այստեղ ոչ մեկ մյուսի մասին չի բամբասում: Գեղանուշ Սայադյանն արդեն 10 տարի է, ինչ ստանձնում է տնօրենի պարտականությունն ու սա համարում է իր ամենամեծ հաջողությունը: «Մեր դռները երբեք չեն գոցվում, աշխատանքային ռիթմ կա, բոլորը զբաղված են և փոխադարձ իրար գնահատելու ու հասկանալու ընդունակություն ունեն, իսկ երբ այս բոլորը կան, մնացած հարցերը կարելի է լուծել»,- ամփոփեց Գեղանուշ Սայադյանը: |