«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության առաջ քաշած նոր նախագծի համաձայն՝ շրջանառության շեմը 58.35 միլիոն դրամից փոխարեն սահմանվում է 113.4 մլն, իսկ այն առևտրական գործունեություն ծավալողների համար, որոնք չեն ներկայացնի փաստաթղթաշրջանառություն, կվճարեն 5% շրջանառության հարկ՝ նախկին 3.5%-ի փոխարեն, իսկ փաստաթղթաշրջանառության դեպքում՝ 1%:
Օրինագծի այս տեսքով քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ասաց, որ կառավարությունը զիջումների գնացել է, ուստի իրենք կողմ են քվեարկելու: Կարծիքը կիսեց նաև ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը` ավելացնելով. «5%-ն այո, մեծ թիվ է, քան 3.5-ը, բայց ՓՄՁ-ները պետք է հասկանան, որ եթե 3 ենք դնում, դրա երկու էդքանն էլ հարկային տեսուչներն էին վերցնում...»:
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հակադարձեց` նշելով, որ իրենց համար չի կարող ընդունելի լինել մի փոփոխություն, որը չփաստաթղթավորման դեպքում հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում մի մասի համար:
Ձայների 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: