Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

09:06, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով վերջնական մեղադրանք է առաջադրվել ու որոշում է կայացվել։
     Երեկ` մինչ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, իրավապահները հայտնի քրեական գործերով որոշումներ էին կայացնում։
     Կոմիտեն երեկ հայտնեց, որ Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։
     Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող, պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, ապա նաև նույն հասցեում գտնվող 0,228 հա մակերեսով հողատարածքն ու դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը, և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը օտարելու մտադրության մասին, նպատակադրվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով ձեռք բերել դրանք:

Այդ նպատակով, նա, ըստ մեղադրանքի, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով` վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ասել է թե` չնայած այն հանգամանքին, որ Վաչագան Ղազարյանը վերադարձրել է Եռաբլուրի տարածքները պետությանը, սակայն քրեական գործը շարունակվում Է առկախված մնալ նրա գլխին եւ ուղարկվել է դատարան։
     Այսպիսի տեղեկությունները պաշտոնապես տարածելով` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց իրականում այդ գործընթացը վաղուց ձախողել է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

2823 | 0
Facebook