Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան

00:36, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1915 թվականի ողբերգության` Հայոց ցեղասպանության, հիշողության լույսի ներքո աշխարհը, թեև չի բարձրաձայնում, սակայն տեսնում է, որ պատմության դասերը հաճախ մնում են չսովորած, իսկ անցյալի վերքերը չեն սպիանում։
     Այս օրը մենք ոչ միայն նշում ենք հայ ժողովրդի պատմության տխուր տարեթիվը, այլև անմիջականորեն ականատես ենք լինում և մասնակցում ենք ներկայի աճող ողբերգությանը, որը տեղի է ունենում ասես պատմական ցավի անվերջանալի ու ցավալի շրջապտույտում:
     2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններն Արցախում, որտեղ հայերը կրկին ենթարկվեցին ցեղասպանության՝ բռնի տեղահանման, այսօրվա իրադարձությունները՝ սահմանագծման ու սահմանազատման անվան ներքո մաս-մաս հայրենազրկման գործողությունները՝ միջազգային հանրության լռության ու պասիվությյան ներքո, կրկնակի ողբերգական են դառնում տարբեր սերնդի հայերի համար՝ և՛ նրանց, ովքեր վերապրել են 1915 թվականի ցեղասպանությունը, և՛ նրանց, ովքեր այսօր բախվում են դրա արձագանքին՝ միաժամանակ ենթարկվելով ցեղասպանական նորանոր դրսևորումների:
     Հայաստանի ոխերիմ հարևանների հավակնությունները, ամրապնդված հայաստանյան՝ ինչպես քաղաքական իշխանության անատամության ու անողնաշարության, այնպես էլ հանրության անկայունության ու թուլության ընկալումներով, միայն սրում են իրավիճակը՝ պայմաններ ստեղծելով պատմական ողբերգությունների կրկնության համար։
     Հենց այսպիսի պահերին է, որ կենտրոնացումը և նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար։ Անցյալի հիշողությունը ոչ միայն պետք է ծառայի որպես սուգ, այլ նաև մեր մեջ սերմանի քաջություն և վճռականություն՝ պաշտպանելու մեր պետականությունը՝ ներքին ու արտաքին թշնամիներից, մեր ազգային արժանապատվությունը, ինչպես նաև մեր հողի նկատմամբ մեր իրավունքները։
     Երբ մենք խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին, մեր ձեռքերը ինքնաբերաբար պետք է ամուր ձգտեն ամուր բռնելու միմյանց՝ որպես եղբայրության, խաղաղության և ավելի լավ ապագայի վերականգնված հույսի նշան, որտեղ ցեղասպանության դասերի պատմությունը երբեք չի կրկնվելու»:

Աղբյուրը` Դավիթ Անանյան
842 | 0
Facebook