Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անտիֆեյք»-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել

10:54, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
«Անտիֆեյք»-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել

«Անտիֆեյք»-ի խմբագրության հայտարարությունը. «Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։

Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։

AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները։

Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը»:

1813 | 0
Facebook