Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպե՞ս է թվայնացումը փոխել ՀՀ բանկային ոլորտը. Doing Digital-ում ներկայացնում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենը

16:06, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
Ինչպե՞ս է թվայնացումը փոխել ՀՀ բանկային ոլորտը. Doing Digital-ում ներկայացնում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենը

Արդեն 2-րդ տարին անընդմեջ Doing Digital ֆորումի շրջանակներում Հայաստանը հյուրընկալում է միջազգային ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ամենավառ ներկայացուցիչներին: Այս անգամ ֆորումի գլխավոր խոսնակը Բրեթ Քինգն էր` ավստրալացի ֆուտուրիստ, համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակ, որն իր տեսակի մեջ առաջին շարժական բանկինգ հարթակի` Moven-ի հիմնադիրն է:

Բացի գաղափարակիր ելույթներից, ֆորումը հագեցած էր պանելային քննարկումներով, որոնք շեշտադրում էին թվային փոխակերպման տարբեր կողմեր: «Թվային տնտեսություն. GenAI-ը» թեմայի շրջանակներում քննարկվեց, թե որքանով են ֆիզիկական և ոչ ֆիզիկական ենթակառուցվածքներն ու հանրությունը պատրաստ թվային փոխակերպմանը, ինչպես է թվայնացումն ու արհեստական բանականությունն ազդել աշխատաշուկայի և կրթության վրա, ինչ արդյունքներ են արդեն իսկ գրանցվել բիզնես ոլորտում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է թվայնացումն ազդել բանկի բիզնես գործընթացների վրա, Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեց տվյալներ հենց բանկի փորձից: 2023-ի ընթացքում Ամերիաբանկի հաճախորդները գործարքների 98%-ը կատարել են թվային եղանակով, առանց բանկ այցելելու: Մանրածախ վարկերի 95%-ը ձևակերպվել է առցանց: Այնգամ այնպիսի բարդ գործարքների դեպքում, ինչպիսին հիփոթեքային վարկավորումն է, թվայինին բաժին է ընկել գործարքների 51%-ը:

Արման Բարսեղյանը նշեց, որ մինչև դիմումների ընդունման և դիտարկման թվային եղանակին անցնելը, բանկը գործնականում համեմատել է թվային և ոչ թվային մոտեցումները: Նրա խոսքով՝ բավականին երկար ժամանակ` մոտ 10 ամիս, էական տարբերություն չէր նկատվում: Սակայն ինչ-որ պահից նկատելի դարձավ թվային և արհեստական բանականության վրա հիմնված մոտեցման արդյունավետությունը: Արման Բարսեղյանը նաև խորհուրդ տվեց չշփոթել թվայնացումը ռազմավարության հետ, թվայնացումը չդարձնել ռազմավարություն:

«Եթե ռազմավարությունն այն քայլերի ամբողջությունն է, որը մեզ հասցնում A կետից B կետ, ապա թվայնացումը միայն միջոց է` փոխադրամիջոց»,- ասաց Բարսեղյանը:

Բացի այդ, նա նշեց, որ շատ ընկերություններ թվայնացման գրավչությունը ուղղակիորեն և բացառապես կապում են ծախսերի տեսանկյունից դրա արդյունավետության հետ: Սակայն, Բարսեղյանի պնդմամբ, դա իմաստ ունի առաջին հերթին այն դեպքում, եթե բիզնեսն ընդլայնվելու նպատակ ունի: Իսկ ինչ վերաբերում է ծախսերին, սկզբնական փուլում դրանք կարող են անգամ աճել:

Հավելենք, որ Doing Digital ֆորումը կազմակերպվել էր SPRING PR կազմակերպության ջանքերով: Ֆորումի ֆինթեք գործընկերն էր Ամերիաբանկը: Ֆորումի խոսնակների թվում էին ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Deloitte-ի Ռիսկերի և ֆինանսների խորհրդատու Ռասմուս Նիելսենը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Visa-ի CEMEA-ի ավագ մասնագետ Մոհամեդ Բարդաստանին, Ամերիաբանկի ղեկավար օղակի ներկայացուցիչներ և այլք:

Ինչպե՞ս է թվայնացումը փոխել ՀՀ բանկային ոլորտը. Doing Digital-ում ներկայացնում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենը
Ինչպե՞ս է թվայնացումը փոխել ՀՀ բանկային ոլորտը. Doing Digital-ում ներկայացնում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենը
782 | 0
Facebook