Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայուհին նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

11:24, հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ.
Հայուհին նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ Այս մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը, հաղորդում է Hollywood Reporter-ը:

Նա նշել է, որ նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը:

Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկար»-ի պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և Ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:

Ակադեմիայի տնօրենը՝ բարձր գնահատելով Մելիդոնյանի փորձը, ստեղծագործական անհատականությունն ու հեռանկարային լինելը, կարևորել է այս պաշտոնը, հատկապես՝ «Օսկար»-ի 100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ։

Քրամերի ղեկավարությամբ՝ 2022 թվականին Մելիդոնյանը գլխավորել է «Օսկար»-ի նորաստեղծ ռազմավարական ստորաբաժանումը, որն ամբողջ տարվա ընթացքում աշխատում էր մրցանակների հետ կապված բոլոր ծրագրերի վրա:

Մելիդոնյանը վերջերս «Օսկար»-ի ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:

Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգթոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։

6845 | 0
Facebook