Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հեղինակային տարբերակը գրեթե ոչ ոք չի տեսել. հետաքրքիր փաստեր

23:24, երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ.
Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հեղինակային տարբերակը գրեթե ոչ ոք չի տեսել. հետաքրքիր փաստեր

2024 թվականի հունվարի 9-ին լրանում է նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։ Այս կապակցությամբ մայրաքաղաքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։
     Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։
     Փարաջանովը Երևան է տեղափոխվել 1968 թվականին և սկսել է աշխատել Հայֆիլմում՝ նկարահանելով «Հակոբ Հովնաթանյան» և «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմերը։
     «Նռան գույնը» ֆիլմը Փարաջանովի ամենանշանավոր ֆիլմերից մեկն է, որը, սակայն, ենթարկվել է խիստ գրաքննության։
     Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը։ Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել և որը գտնվում է «Հայֆիլմ»-ի արխիվում և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի։ Սակայն այս տարբերակն էլ պաշտոնյաները վախենում էին տարածել լայնորեն և բազմացրին միայն 143 օրինակ ֆիլմից, որը դիտեց կես միլիոնից ավել հանդիսատես։ Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս, որից հետո հանվեց, քանի որ 1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։
     Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։
     Սերգեյ Փարաջանովը ֆիլմին երկար է նախապատրաստվել, բացի գլխավոր դերակատարներից, փնտրել է նաև զանգվածային տեսարանների կերպարներին։ Փնտրել է ոչ թե դերասանական միջավայրում, այլ` որտեղ պատահի։ Նրա համար կարևոր չի եղել՝ պրոֆեսիոնալ է, թե ոչ, միայն թե կերպարն իր ամբողջականության մեջ համապատասխաներ իր պատկերացումներին։

2582 | 0
Facebook