Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերդի տարածաշրջանից հայտնի է միջնադարյան հինգ ամրոց՝ Նոր-Բերդ, Կածարեթ բերդ, Երգեվանք բերդ, Մածնաբերդ և Տավուշ բերդ: Միջնադարում ամրոցների կառուցման համար ընտրում էին իշխող և անառիկ բարձունքները, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում էր ճանապարհների մոտ: Ամրոցները հսկում էին ճանապարհների անվտանգությունը` ապահովելով տնտեսության կարևոր բաղադրիչը հանդիսացող առևտուրն ու բեռնափոխադրումները: Միևնույն ժամանակ ճանապարհները հանդիսանում էին այն հիմնական ուղղությունները, որոնցով հակառակորդը ներխուժում էր երկրի խորքը (ի դեպ նույն պատկերը առկա է մինչ օրս):
Գլխավոր ամրոցը և նրա շուրջը գոյություն ունեցող փոքր ամրությունները հանդիսանում էին պաշտպանական մեկ համակարգ: Դրանք կառուցվում էին աչքի համար տեսանելի հեռավորության վրա և իրար հետ կապ էին պահում լուսային ազդանշանների միջոցով: Այս նպատակին էին ծառայում ամրոցներում կառուցված պահակակետ-դիտակետերը, որոնք առանձանանում էին իրենց կառուցվածքով և տեսադաշտով:
Ամրաշինական կառույցների նման խումբը ստեղծում էր մի ամրակուռ համակարգ, որը չեզոքցնելու համար թշնամին ստիպված էր գրավել նրա բաղադրիչը հանդիսացող բոլոր բերդերը: Թերևս սրանով պետք է պացատրել նաև այն հանգամանքը, որ Բերդի տարածաշրջանի ամրոցները ներկայացնելիս, միջնադարյան պատմիչները գրեթե միշտ դրանք հիշատակում են միասին:
Լուսանկարում` Տավուշ ամրոցի կիսավեր դիտաշտարակը
Կածարեթ բերդը Տավուշ ամրոցի միջնաբերդից