Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր վիճակը ծանր է, բայց անհույս չէ». Մհեր Հակոբյան

00:36, շաբաթ, 05 օգոստոսի, 2023 թ.
«Մեր վիճակը ծանր է, բայց անհույս չէ». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է ՊԻՆԴ ԼԻՆԵԼ և ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ: Մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, բայց հայ ժողովրդին ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ, մեզ մեռնել չի կարելի: Հանգիստ, պինդ, նյարդային մակարդակում ամուր՝ սա այն մինիմումն է, որ հայերիս հիմնական մասն այս պահին կարող է անել:
     Մեզ ամեն կերպ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆԵԼԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ԱՆՈՒԺՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ, մեզ ահաբեկում են, որ մենք դադարեցնենք պայքարը: Մեր վիճակը ծանր է, բայց այն անելանելի չէ ու մենք անուժ չենք, իսկ հուսահատվելն է, հավատացեք, կլինի ընդամենը և միայն մեր ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ: Այս առումով կտրուկ պետք է մերժել նաև «Արցախն էվակուացնելու» ցանկացած նարատիվ: Չասեք, թե ձայնը տաք տեղից է գալիս, չասեք: Այո, Արցախում չեմ, բայց մեր այս վիճակն իմ արյան մեջ է, ամեն պահ ես մտածում եմ այս մասին, տանջվում եմ և տառապում, հիմա էլ… բարձրաձայն մտածում եմ՝ ձեզ հետ միասին:
     Այս ամենով հանդերձ կրկնեմ՝ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՈՒ և ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ, մեր վիճակը ծանր է, բայց անհույս չէ, իսկ եթե հույս կա, ապա հուսահատվել ու հանձնվել չի կարելի, մանավանդ այն պարագայում, երբ դա ուղղակի կարագացնի մեր կործանումը: Կրկնեմ՝ մենք դեռևս բազում շանսեր ունենք, որոնց մեջ կարևոր է ամենից առաջ հայի պայքարի ոգին, բայց նաև՝ ՌԴ դերը Արցախում, ինչը Ալիևի դեռ կոկորդին է կանգնելու, միջազգային ճնշումը և Ռուս-Ուկրաինական պատերազմը, որը դանդաղորեն իր վերջին է մոտենում: Ի դեպ, հենց այս ամենն է Բաքվին ստիպում շտապել և հենց այս ամենն է ընկած հոգեբանական այն բացառիկ ճնշման ու ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ հիմքում, որ մեր թշնամիները կիրառում են մեր նկատմամբ: Հասկանում են, որ ժամանակի հետ իրավիճակը կարող է փոխվել ու դրա համար մեզ ահաբեկում են, որ շուտ հուսահատվենք, դադարեցնենք պայքարը, հանձնվենք և… առանց դիմադրության վզներս դնենք դահճի կացնի տակ: ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ և ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, հայերը սրանից ավելի ծանր իրավիճակներից են դուրս եկել, մենք սրանից էլ ենք դուրս գալու:
     Արցախահայությունն այս պահին ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎՆ Է ՏԱՆՈՒՄ, սա հաշվի առնենք և հիշենք: Սա պատերազմ է, որտեղ դեռևս ռումբեր չեն պայթում, սակայն մենք ուժեղ տեղեկատվական հրետակոծության տակ ենք, մեզ ձգտում են հուսահատեցնել, անուժության զգացում ներշնչել, համոզել, որ հանձնվենք, որ հետո… մեզ ոչնչացնեն: Հանգիստ, պինդ, ամուր և…
     … ես արցախահայության ցավը տանեմ…
     … Մենք հաղթելու ենք, հիշեք, վատը, ինչպես և լավը, անվերջ չեն, դրանք փոխարինում են իրար: Հիմա մենք վատի մեջ ենք, բայց, չեմ կասկածում, դեռ գալու է նաև լավը:
     Ուղղակի հիշենք, կրկին ու կրկին ականջներիս օղ անենք, քանի դեռ մենք ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ, մենք չենք պարտվել, քանի դեռ չենք պարտվել՝ շանսեր ունենք, իսկ քանի դեռ շանսեր ունենք, ուրեմն կարող ենք նաև հաղթել: Մենք հանձնվելու իրավունք չունենք, չկա նման բան, ուղղակի չի քննարկվում: Ամեն ինչից զատ՝ հանձնվելը կնշանակի նաև դավաճանել մեր նախնիների այն 5.000-ամյա պայքարին, որ նրանք մղել են՝ մեր Հայրենիքում ապրելու համար…
     Բարձրաձայն խոհեր…»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
3085 | 0
Facebook