Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը Մոլդովային կհատկացնի 1,6 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն

21:54, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
Եվրոմիությունը Մոլդովային կհատկացնի 1,6 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն

Եվրոմիությունը որոշել է Մոլդովային 1,6 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության փաթեթ հատկացնել, չորեքշաբթի հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով ժամանել է Քիշնև՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
     Ավելի վաղ ԵՄ-ն նախատեսել էր այս տարի Մոլդովային մոտ 600 մլն եվրո հատկացնել։ «Ես հայտարարում եմ Մոլդովային աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է հինգ կոնկրետ նախաձեռնություններ... Մենք լրացուցիչ տնտեսական օգնություն ենք հատկացնելու: 2021 թվականի հոկտեմբերից ԵՄ-ն ավելի քան մեկ միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային, այժմ մենք լրացուցիչ օգնություն ենք հատկացնելու Մոլդովային, կարելի է խոսել 1,6 միլիարդ եվրո գումարի մասին»,- ասել է Ֆոն դեր Լեյենը։
     Նրա խոսքով, դա առավելություններ կստեղծի տեղական ընկերությունների համար և ներդրումներ կներգրավի Մոլդովա: Եվրոհանձնաժողովի ղեկավարը նշել է, որ հանրապետությունը կստանա նաև 100 մլն եվրո՝ էներգետիկ անվտանգության ապահովման համար, ևս 50 մլն եվրո՝ երկաթուղիների վերանորոգման համար։
     Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Միջոցառումը կանցկացվի հանրապետության ղեկավար Մայա Սանդուի նախաձեռնությամբ։ ԵՀՔ-ն հիմնադրվել է անցյալ տարվա մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Գագաթնաժողովը կանցկացվի Բուլբոակա գյուղի «Միմի» գինեգործարանի տարածքում, որտեղ տեղակայված են նաև «Դաչիա» ռազմաբազան և ռազմապոլիտենը, որտեղ անցկացվում են ազգային բանակի զորավարժությունները։

4502 | 0
Facebook