Վերջին ամիսներին համացանցում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի, այժմ արդեն նախկին տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը «... ճնշումներ է գործադրում որոշ աշխատակիցների նկամամբ, առանց հիմնավորումների ազատել է աշխատակիցներից երկուսին (Ա․ Խաչատրյան, Լ․ Անտոնյան), ինչպես նաև, թանգարանի պետական միջոցների հաշվին գնումներ է կատարել ընկերություններից, որոնք փոխկապակցված են իր և իր ընտանիքի անդամների հետ (այդ թվում գրասենյակային, տպագրական և այլն):
Ընդ որում, այս միջադեպերի վերաբերյալ թանգարանի աշխատակիցները բազմիցս դիմել են վերադաս՝ ՊՆ աշխատակազմին, որի արդյունքում Կարեն Մելիք-Թանգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Վերոնշյալ տեղեկատվությունների մասին մանրամասներ ստանալու նպատակով խմբագրությունը գրավոր հարցումով դիմել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի ներկայիս տնօրեն Վ․ Հակոբյանը պարզաբանել է, որ՝ «․․․Կարեն Մելիք-Թանգյանի պաշտոնավարման ընթացքում կատարված գնումների, հաշիվ-ապրանքագրերի պատճենները և ընկերությունների անունները տրամադրվել են ՊՆ Ռազմական ոստիկանության Երևանի բաժնին, որտեղ իրականացվում է հետաքննություն, իսկ աշխատանքից ազատված Ա․ Խաչատրյանն ու Լ․ Անտոնյանը կրկին վերականգնվել են իրենց աշխատանքին»։ (նամակի պատճեն կցված է ստորև)
Նույն հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաև Կարեն Մելիք-Թանգյանին, ով սակայն մինչ օրս չի արձագանքել։
Խմբագրությունը հարցումներ է ուղարկել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, պարզելու, թե ինչ ընթացքում է հետաքննությունը և ինչ միջոցներ են կիրառվել(կիրառվելու) նախկին տնօրենի նկատմամբ։
Սույն միջադեպերի մասով առաջիկա օրերին խմբագրությունը կհրապարակի նոր մանրամասներ։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը