Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միակ մարդը, որ պլան ունի, Քոչարյանն է՝ կործանել Փաշինյանին, կրկին զավթել իշխանությունը»․ Նարեկ Սարգսյան

23:42, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Միակ մարդը, որ պլան ունի, Քոչարյանն է՝ կործանել Փաշինյանին, կրկին զավթել իշխանությունը»․ Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես գրեթե չեմ ճանաչում մարդկանց, որոնք այսօր պատասխանատվություն են ստանձնում Հայաստանի համար: Որ իշխանությունը անպատասխանատու է, դա չի քննարկվում: Եթե մի իշխանություն պատերազմական աղետի մեղքը գցում ա նախորդ իշխանությունների վրա, ես էդպիսի իշխանությանն էլ ասելիք չունեմ: Դա ոչ թե իշխանություն է, այլ թյուրիմացություն: Էդ թեման ինձ համար փակ է: Բայց, ցավոք, լիակատար անպատասխանատվություն են դրսևրում այն մարդիկ, որոնց մասին ես բարձր կարծիքի եմ: Միգուցե ես լավ չեմ նայում դաշտին, բայց իմ աչքին պատասխանատու մարդ չի երևում:
     Ես հավանեցի Բոդո Շեֆերի ձևակերպումը պատասախանտվության մասին, այն է՝ մենք չենք որոշում շրջակա աշխարհի իրողությունները, բայց մենք միշտ որոշում ենք մեր պատասխանը այդ իրողություններին:
     Նիկոլը պատուհաս ա, Ռոբերտը՝ մարդասպան, Արցախը՝ ծայրահեղ վիճակում, Հայաստանը՝ վիրավոր: Սրանք արտաքին հանգամանքներն են: Պատասխատվությունն այն է, որ մենք մեզ հարց տանք. իսկ ո՞րն է մեր անելիքը այս իրավիճակում: Մենք պիտի պլան ունենանք:
     Կարելի է օրը մի հոդված գրել, թե ինչու է Նիկոլը պատուհաս ու փորձանք, իսկ Ռոբերտը՝ հանցագործ և մարդասպան և թե ինչ ահավոր է, որ այդ երկու ուժերն են խորհրդարանում: Սակայն դա լիակատար անպատասխանատվություն է, քանի որ այդ հոդվածների մեջ չկա քննադատողի գործողությունների պլանը՝ թե ինչ պիտի անի ինքը:
     Երբ մենք պայքարում էինք Սերժի դեմ, պլան կար, այն է՝ կործանել հանցագործ ռեժիմը և ընտրել նոր իշխանություն: Հիմա, ամոթ չլինի ասելը, պլանը ո՞րն է: Նիկոլի իշխանությունը փոխարինել ավելի պատասխանատու և նորմալ իշխանությունո՞վ: Հիանալի: Բայց մինչև ձեռներս կշտելը և գործին միանալը, կխնդրեի պատասխանել երկու պարզ հարցի՝ ո՞նց և ի՞նչ լեգիտիմությամբ եք պատրաստվում գահընկեց անել Նիկոլին, եթե վերջինս Արցախը կործանելուց հետո 50-ից ավել տոկոս իրական ձայն է ստացել: Եվ երկրորդ՝ ո՞նց և ի՞նչ լեգիտիմությամբ եք պատրաստվում գահընկեց անել Նիկոլին, եթե պատերազմական աղետից հետո ապագա այդ պատասխանատու ու լավ իշխանություն եղող ուժերից ոչ մեկը նույնիսկ 5 տոկոս իրական ձայն չի ստացել:
     Հետևաբար պլան չկա:
     Էսօրվա դրությամբ միակ մարդը, որը պլան ունի, Ռոբերտ Քոչարյանն է: Պլանը հստակ է՝ ամեն գնով կործանել Փաշինյանին, կրկին զավթել Հայաստանի իշխանությունը և Հայաստանը հարստահարել մի երեք սերունդ շարունակ՝ Հայաստանի գլխին մինչև 2100 թիվը (եթե մինչև էդ թիվը երկրից բան մնացած լինի) բերել բոլոր հնարավոր ու անհնար փորձանքները, և դրա համար ով մեղավոր կլինի՞ - Իհարկե՝ Նիկոլ Փաշինյանը: 100 տարի Հայաստանը կթալանեն ու հարյուր տարի բողոքող ժողովրդին կգնդակահարեն էնպես, որ մարտի մեկը հասարակ զբոսանք կթվա: Ու էդ ամեն ինչը կարդարացնեն այն բանով, որ տեսա՞ք, երբ որ դուք ձեր խելքով եք իշխանություն ընտրում, երկրի կեսը վարի է տալիս, հետևաբար դուք ճորտ պիտի լինեք, ազատության արժանի չեք:
     Ահա իրավիճակը: Հանցագործը ունի պլան, իսկ խելացի և ունակ մարդիկ հրաժարվում են պատասախանատվություն ստանձնել և խոսելով Նիկոլի ու մնացածի մասին՝ համարում են որ երկրի համար լուրջ գործ են անում ու լուրջ մարդիկ են:
     Լավ չէ: Բայց անկասկած ելքը կգտնվի: Ի վերջո դատապարտվածություն չկա: Վստահ եմ, որ կան մարդիկ, որ ջանասիրաբար աշխատում են առաջարկելու բան են ունենալու մեր ժողովրդին»:

Աղբյուրը` Նարեկ Սարգսյան
5234 | 1
Facebook