Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արման Բաբաջանյանի գործունեությունն ԱԺ-ում իրապես օգտակար կարող է լինել». Արթուր Սաքունց

00:20, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
«Արման Բաբաջանյանի գործունեությունն ԱԺ-ում իրապես օգտակար կարող է լինել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1in.am-ը և անձամբ լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը շատ մեծ տեղեկատվական աջակցություն են ցուցաբերել ԼՀԿ-ին, անձամբ Էդմոն Մարությանին, սա արժե արձանագրել:

Երկրորդ, երևի թե Արման Բաբաջանյանը ԼՀԿ խմբակցության եզակի պատգամավորներից է, ով հաստատ մեծ ներդրում ունի նաև հենց ԼՀԿ-ին ընտրողների աջակցության հարցում, և, հիրավի, առնվազն գործ ունենք win-win ում եզակի դրսևորման հետ, որը շատ քիչ օրինակներ ունեն թե «Իմ Քայլը» խմբակցությունում, առավել ևս՝ ԲՀԿ խմբակցությունում:

Իհարկե, պատգամավորական մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու հարցը բացառապես ԼՀԿ-ի և Արման Բաբաջանյանի հարաբերությունների տիրույթում է, բայց քանի որ Արման Բաբաջանյանը ԼՀԿ կուսակցության անդամ չէ, անկուսակցական է, և հայտնի չէ, թե ինչ պայմանավորվածությամբ է ԼՀԿ-ի ցուցակում ներկայացվել 3-րդ տեղում, սա այն դեպքն է, երբ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործունեությունը ԱԺ-ում իրապես օգտակար կարող է լինել ժողովրդավարական և իրավական պետության զարգացումների տեսանկյունից:

Կրկնում եմ, այդ հարցը բացարձակապես անձամբ Արման Բաբաջանյանի որոշելիքն է, բայց ԼՀԿ-ն, հուսով եմ, այս հարցին չի մոտենա զուտ նեղկուսակցական տրամաբանության շրջանակներից:

Ի դեպ, նմանապես, մի քանի օր առաջ նման կերպ արտահայտվել եմ նաև «Իմ Քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի մանդատը վայր դնելու հայտարարության ժամանակ:

Պարոնայք, շարունակեք աշխատել, շարունակեք Ձեր նպաստը բերել ՀՀ-ում նոր քաղաքական համակարգի ձևավորման գործում:

Կարծում եմ, չպետք է հրաժարվել ԱԺ-ի պատգամավորի մանդատից, մանավանդ, որ ոչ ոք չի ստիպել առաջադրվել, ու պետք է Ձեր վերցրած պարտավորությունները կատարել, ոչ թե կուսակցությունների, այլ ընտրողների առջև:

Սա ընդամենը մոտեցում է, առանց որևէ քաղաքական կամ կուսակցական հանգամաքները հաշվի առնելու, որոնց մասին որևէ պատկերացում և տեղեկություններ չունեմ»:

3336 | 0
Facebook