Մեր ժողովրդի հավերժական խոհերի արտահայտիչը. այսօր Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է
Ցաված սիրտըս երգեր հյուսեց, Այսօր մեր ժողովրդի հավերժական խոհերի արտահայտիչ Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է: «Իսահակյանը մեր ժողովրդի մաքուր զգացմունքների թարգմանն է, նրա հավերժական խոհերի արտահայտիչը և միաժամանակ, նրա ազգային հպարտությունն ու պարծանքը»,-Դերենիկ Դեմիրճյանն այսպես է խոսել Ավետիք Իսահակյանի մասին: Գրողը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են Շիրակի մարզի Ղազարապատ գյուղում, որն էլ այսօր գրողի պատվին Իսահակյան է կոչվում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ընդունվել Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրականության հետ մեկտեղ զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որի պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է: «Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ»,-ասում էր գրողը: Անդամագրվել է ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե, մասնակցել այնտեղից մինչև Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենքի և դրամական միջոցների հայթհայթման գործին: Ձերբակալվել է 1896 թ-ին և մեկ տարի անցկացրել Երևանի բերդում: Հաջորդ տարի տպագրել է իր բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»: Շուտով անդհամակցել է «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպություններ»-ին և նորից ձերբակալվել է , այս անգամ՝ աքսորվել Օդեսսա: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: Ազատության մեջ այս անգամ ևս երկար ժամանակ չի լինում, երկու տարի անց ձերբակալվում է «Դաշնակցության գործով» և կես տարի անցկացնում Թիֆլիսի Մետեխի բանտում: 1911-ին տարագրվել է արտասահման: «Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա»: Ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, եղել է Հայաստանի գրողների միության նախագահ: Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով: Գրել է պատմվածքներ՝ «Եղնիկը», «Ծառա Սիմոնը» «Անպարտելի ոգին» և այլն: Գրել է նաև հեքիաթներ՝ «Ամենապիտանի բանը», «Արևի մոտ», «Նուկիմ քաղաքի խելոքները» և այլն: «Ես հրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. Այդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել»: Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին: 1963թ-ի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: «Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը»,- ասում էր Մարտիրոս Սարյանը: |