ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին:
Խոսքն այսպես կոչված փակ գոտու մասին է՝ Սիրիայի հարավարևմտյան հատվածում: Գործարքն ԱՄՆ-ին թույլ կտա դուրս բերել իր ուժերը մերձարևելյան երկրից:
CNN-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի աջակցությամբ սիրիական իշխանության զորքերը կարող են վերահսկողություն սահմանել Հորդանանի սահմանի մոտ տարածքի վրա:
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում, որտեղ կքննարկեն ազգային անվտանգության և երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Թրամփն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը: