«Մերժիր Տարոնին» նախաձեռնության անդամները կրկին հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Ուղիղ միացումն՝ «Առաջին լրատվական»-ի:
Տեղեկացնենք՝ Երևանը նոր քաղաքապետ կունենա, եթե Տարոն Մարգարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական տա կամ Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնի: Սա ամրագրված է ՀՀ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Ասում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Սեփական դիմումի համաձայն հրաժարական տալուց հետո երեք օրվա ընթացքում հրավիրվում է ավագանու նիստ, որտեղ որոշվում է այն օրը, երբ պետք է կայանա քաղաքապետի նոր ընտրություններ: Մյուսը՝ ավագանու 21 անդամի կողմից անվստահություն հայտնելու նախագիծն է»:
Անվստահության նախագիծը ավագանու անդամները կարող են ներկայացնել քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիս ամսին: Սակայն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ հանրային ճնշումների արդյունքում ոչինչ չի բացառվում: