Մեկնարկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության համահայկական ընդվզման իրազեկման վերաբերյալ հերթական ակցիան:
Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը շրջում է մայրաքաղաքի փողոցներով, պայքարի կոչ անում և թռուցիկներ բաժանում:
«Առանձ հեղափոխության և ընդվզման չենք կարող ձերբազատվել այս ապօրինի իշխանությունից: Քանի դեռ հանդուրժում ենք նրանց, չենք ունենալու ժողովրդական պետություն: Այս պահին ունենք 3-4 միլիոն Հայաստանից գաղթած սփյուռք: Մեր հայրենիքը շատ կարողություն ունի, մենք ենք մեղավոր, որ մեր միջոցները դուրս են գալիս հանրապետությունից և դառնում դղյակներ ոմանց համար: Մենք կարող ենք ընդվզել այս ամենի դեմ և ընդվզում ենք, բայց այդ ամենը բավարար չէ: Մենք կամ պետք է ձեռք-ձեռքի տված դուրս գանք փողոց և պայքարենք թանկության, թալանի և անարդարության դեմ կամ էլ մտածենք արտագաղթի մասին»,- բարձրախոսով դիմելով քաղաքացիներին՝ կոչ էր անում Փոստանջյանը:
«Էսի վիճակ չի, ավելի լավ ա, մի հատ ռումբ գցեն, վերացնեն էս մարդկանց, քան ամեն օր մի բան թանկացնեն և կեղեքեն...»,- բողոքեց քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք՝ «Երկիր Ծիրանին» հայտնել էր, որ հունվարի երկրորդ կեսից ընդդիմադիր այս ուժը լինելու է հրապարակներում, փողոցներում և մարդկանց բաժանելու է ընդվզման կոչով թռուցիկներ: Նշենք, որ կուսակցությունն առաջիկա պայքարի համար ընտրել է՝ «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը» կարգախոսը: