Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմից հետո իրավաբան-իրավապաշտպանների խումբը մեկնել էր Արցախ՝ տեղում փաստահավաք գործողություն իրականացնելու: Այցելություններ են եղել Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս, և 2016թ. օգոստոսին հավաքագրված գործերը ներկայացվել են Եվրոպական դատարան։ Սկզբում ՄԻԵԴ ներկայացրել են քառօրյա պատերազմի զոհերի վերաբերյալ ընդհանուր առմամբ 21 հայց, այնուհետև Խալափյանների ընտանիքի գործը՝ 3 գանգատ, հետո 359 գանգատ տեղահանված բնակիչների կողմից:
Բանախոսը հայտնել է, որ ՄԻԵԴ-ն արագ կոմունիկացրել է մոտ 2 տասնյակ գործ, ինչն անսպասելի էր։ «Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպք տեղի ունենա»:
Իրավաբան-իրավապաշտպանների աշխատանքային խումբը շարունակում է հայցեր ներկայացնել ՄԻԵԴ: