Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու տարի ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց: Նրա պաշտպան Տիգրան Եգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պատժախուց են տարել ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագրի հիման վրա:
«01.07.2017թ. Գևորգ Սաֆարյանին տեղափոխում են պատժախուց, ինչի մասին տեղեկություններ ստանալուց հետո նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը տարբեր օրերի տեսակցել են նրան:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ որևէ ուժի կիրառում, հոգեբանական կամ այլ ճնշում չի կիրառվել, բացի պատժախուց տեղափոխելուց:
Պատճառը եղել է տխրահռչակ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագիրն այն մասին, թե իբր Գևորգը դատարանում հայհոյել է ոստիկաններին և իշխանությանը (ըստ Գևորգի փոխանցման): Գևորգին պատժախուց են տեղափոխել 10 օրով: Նա ողջույններ էր փոխանցում և հայտնում, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:
Գևորգի հետ տեսակցության ընթացքում արձանագրվել է իր հայտարարությունը մանրամասն նկարագրությամբ տեղի ունեցածի մասին, ինչի կապակցությամբ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, իսկ այժմ կատարվում են աշխատանքներ նրա իրավունքների խախտման կապակցությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- գրել է պաշտպանը: