Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում մեծ աղմուկ հանած թուրքական լոլիկի խնդրին. «Ապրիլի 20-ին, երբ ողջ լրատվական դաշտն անդրադառնում էր այս խնդրին, ՍԱՊԾ-ն մեկ օր անց միայն բարեհաճեց «ֆեյսբուք» սոցիալական կայքով տեղեկացնել, թե հարգելիներս, հաշվի առեք, որ սահմանով լոլիկ Հայաստան չի ներմուծվել: Մինչ այդ, մեկ ուրիշ պարզաբանման մեջ էլ ասել էր, որ ինչ մտնում է, իրենք ստուգում են: Սննդի անվտանգության պետական ծառայությունը փաստացի, հաշվի չառնելով փաստերը, որ շուկայում առկա է ակնհայտ թուրքական լոիկ, խոսում էր միայն այն մասին, որ սահմանով սա չի անցել»,- ասաց նա:
«Եթե դուք ասում եք, որ թուրքական արկղերի մեջ հայկական արտադրանք է դրված, փորձե՞լ եք պարզել Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտները թուրքական արկղեր պատվիրե՞լ են, որպեսզի ներմուծվի երկիր, որովհետև ակնհայտ է, որ լրիվ նոր արկղերի հետ գործ ունենք»,- շարունակեց Պիպոյանը՝ նշելով, որ եթե խոսքը գնում է սննդի անվտանգության մասին՝ ապրանքը Թուրքիայից կլինի, Ֆրանսիայից, Ադրբեջանից, թե Հունաստանից, եթե անվտանգությունը երաշխավորող փաստաթղթեր չկան, այն պարտադիր պիտի ստուգվի, նոր վաճառվի:
Պիպոյանի խոսքով, շատ խանութներում մինչև հիմա շարունակում է վաճառվել թուրքական լոլիկը. «Ինչո՞ւ է այդ թուրքական լոլիկը մինչև հիմա շարունակում մնալ, որովհետև դուք չգիտեի՞ք, հիմա հո տեսնում եք, տնտեսվարողներն ավելի բարեխիղճ են, ասում են, որ թուրքական է»,- հարցադրում արեց նա՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ի կողմից այս երեք օրերի անգործությունը բերեց նրան, որ թուրքական ապրանքը մեր երկրում թանկացավ 200 դրամով. «Այն տեղափոխվեց տեղական արկղերի մեջ, որովհետև աղմուկը շատ էր, խառնեցին տեղականի հետ և վաճառեցին»: