Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատները երկուշաբթի օրվանից պատրաստվում են նստացույց սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Այս մասին
MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: «Ամուսինս երեկվանից արդեն անժամկետ հացադուլ է սկսել: Շուտով մյուսներն էլ կհետևեն նրան: Երկուշաբթի օրվանից էլ այդ 10 ընտանիքների անդամներս կսկսենք նստացույցերը: Մենք ունենք պահանջ, թող կոնկրետացնեն 10-ի գործերը»,- ասաց
Լալա Բերնեցյանը:
Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց: